Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտին ընդունել է նաեւ Հրայր Թովմասյանը

Հունվար 17,2012 19:15

Հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության կայքից: «Չորս տարի առաջ իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը և ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երևույթ է»,- նշեց ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը, հավելելով, որ այս անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին հիմնականում հուզում էր մեծամասնական ընտրակարգի վերացման հարցը:
Հայաստան կատարած այցից հետո նախատեսվող զեկույցում պետք է անդրադառնան երկրում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես դատական, ոստիկանական համակարգերում: Ուստի հյուրի խնդրանքով ՀՀ արդարադատության նախարար Հ.Թովմասյանը ներկայացրեց բարեփոխումների փիլիսոփայությունը, իրականացվող և առաջիկայում նախանշված քայլերի ողջ ցանկն ու գործողությունների ծրագիրը:
Նախարար Թովմասյանը լորդ Ջոն Պրեսկոտի ղեկավարած պատվիրակությանը ներկայացրեց նաև իր պաշտոնավարման ընթացքում քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում կատարված մի շարք աշխատանքներ` զուգահեռաբար ընդգծելով, որ դրանք, իհարկե, բավարար չեն, քանի որ հարցումների արդյունքներով դատական իշխանությունների նկատմամբ դեռևս 80% անվստահություն կա: «Պատճառները բազմաբնույթ են», -շեշտեց արդարադատության նախարարը, թվարկելով դրանցից մի քանիսը` օրենսդրությունում դեռևս պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, առկա են կադրային խնդիրներ և այլն:
Թվարկված խնդիրները լուծելու նպատակով էլ մշակվել և առաջիկայում ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացվելու 2012-16 թվականների դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչ այդ, հունվարի 20-ին, հայեցակարգը բաց քննարկման է դրվելու խորհրդարանում:
ՀՀ արդարադատության նախարարը հյուրերին ներկայացրեց նաև անհրաժեշտ այն գործողություններն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն դատաիրավական բարեփոխումների լիարժեք իրականացմանը: Շեշտելով դատաիրավական բարեփոխումների առաջնահերթությունն ու կարևորությունը՝ նախարար Թովմասյանն ընդգծեց, որ առանց դատական իշխանությունների լրջագույն բարեփոխումների, որևէ այլ բնագավառում էական արդյունքների հասնել հնարավոր չէ:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, ՀՀ արդարադատության նախարարնը շեշտեց, որ Հանրապետության նախագահի գերխնդիրն է ապահովել թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, ինչը կարևոր է ոչ միայն ժողովրդավարության ցուցանիշ ապահովելու, այլև հասարակական-քաղաքական առկա կոնֆլիկները հանգուցալուծելու առումով:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը ի պատասխան այս դիտարկաման կատակեց, թե «ծառը աճում է և ցուցանիշը կլինի աճող պտուղը, այսինքն հանրության վստահության վերականգնումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031