Տանից դպրոց տանող ճանապարհին` վերջերս մի ճաք հայտնվեց: Այն սկզբում անհանգստացրեց ինձ ու իմ թաղեցիներին: Կարճ ժամանակ անց, բոլորն էլ մոռացան դրա մասին` հիշելով այստեղ նախկինում հայտնված` առաջին հայացքից անվնաս թվացող ճաքերի ճակատագրերը:
Դեռ 1985թ.-ն էր, որ գյուղում հայտնվեցին ճաքեր, որոնց էլ հաջորդեցին ավերիչ սողանքները: Մի քանի տներում պատերն իրարից հեռացել էին կես մետրով: Որոշ հարակից շինություններ փլվել էին: Գյուղացիները խուճապի մեջ էին. «Չգիտեինք` ի՞նչ անենք. տները հոսքի տակ էին»,- պատմում է Միլիչ պապը:
Բարեբախտաբար, աղետի լուրերը հասնում են մինչև Երևան: Գալիս են համապատասխան մարմիններ, կատարում ուսումնասիրություններ և հաշվարկում վնասի չափը: «Հաշվարկեցին մեր վնասը ու մեզ գումար տվեցին: Հետո էլ գյուղում մի հարմար տեղ ընտրեցին, ու մեր համար պետությունը տներ սարքեց»,-պատմում են աղետից տուժածները:
Այդ դեպքից քսան և ավելի տարիներ են անցել , բայց գյուղում դեռ շարունակվում են սողանքները:Վերջին տարիներին նույնպես եղել են հոսքեր, որի հետևանքով փլվել են ճանապարհի տարբեր հատվածներ: Երեխաները դպրոց հասնելու համար ստիպված էին դժվարանցանելի ճանապարհ անցնել, մինչև որ վերանորոգվեց հինը:
Այսօր «հուսալի» ճանապարհի վրա նորից ճաքեր են առաջացել, ու տագնապում են ինձ: «Եթե էս ճանփեն էլ փլվի, դպրոց հասնելու համար պիտի մի կիլոմետրից ավել ոտով քայլենք»,-դժգոհում է 8-ամյա Արենը:
Թաղի շատ մարդկանց տների տակ նույնպես ճաքեր են երևում: Բոլորն էլ մտահոգված են, բայց որևէ քայլ ձեռնարկել չեն կարող, քանի որ իրենց ուժերից վեր է: «Մնում է միայն համբերատար սպասել, թե երբ մենք էլ մի օր, մեր տների հետ կհայտնվենք ճաքերի մեջ»,-ասում են թաղի բնակիչները:
Ազատուհի Խաչատրյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])