Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանը հնարավոր է մտնի ՀՀԿ

Հունվար 17,2012 18:25

Այսօր Aravot.am-ը գործարար Սիլվա Համբարձումյանի հետ զրույցում նրան հիշեցրեց, որ դեկտեմբերի վերջին հրավիրած ասուլիսում խոստացել էր, որ եթե մի քանի օրից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չվերադարձնի 102 մլն դրամը` ասուլիս կհրավիրի եւ կհայտարարի իր` մեծամասնականով առաջադրվելու մասին: Մեր հարցին` ո՞ւր է ձեր ասուլիսը եւ մեծամասնականի մասին հայտարարությունը, նա պատասխանեց. «Քանի որ ես քաղաքում չեմ եղել, նոր եմ վերադարձել, ասուլիս հաջորդ շաբաթվա մեջ հրավիրելու եմ: Ինչ-որ լսել եմ, որ օրենք են փոխել եւ ինձ պետք է կուսակցություն առաջադրի` մեծամասնականի համար, չգիտեմ, ինձ երեկ են ասել»:

Մեր հարցին` ունե՞ք ձեր սրտին մոտ կուսակցություն, որի գաղափարները հարազատ են ձեզ` գործարար կինն ասաց. «Ինձ թվում է` այսօր ես որ կուսակցություն էլ գնամ` կընդունեն, այսքան աղմուկից հետո կընդունեն: Անկեղծ ասած, քանի որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, առաջիկա 2 շաբաթը ես շատ լուրջ ուսումնասիրելու եմ իրենց գաղափարները ու ընտրեմ, թե ում հետ կքայլեմ»:

Մենք անմիջապես հետաքրքրվեցինք , թե հնարավո՞ր է, որ Հանրապետական կուսակցություն մտնեք, պարզվեց, որ նրա համար անհնարին բան չկա, եւ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով ՀՀԿ-ական, թույլ կտա, որ իր կուսակցական ընկերը դառնաք` տիկին Համբարձումյանը պատասխանեց. «Կարծում եմ` ինքը ձայն չի ունենա, էլի, որ թույլ տա կամ չտա»:

Սիլվա Համբարձումյանը բողոքարկել էր ՀՔԾ որոշումը եւ դիմել գլխավոր դատախազին: News.am-ին տված հարցազրույցում  իր քայլը գործարարը բացատրել էր այսպես. «Լկտիացել էր, դրա համար էլ դիմեցինք այդ քայլին»: Մեր հարցին, նո՞ր եք իմացել, որ նա լկտիացել է եւ դրա համա՞ր եք բողոքարկել` տիկին Համբարձումյանն ասաց, որ «լկտիացել» չի ասել. «Ուղղակի ինձ ասել են, որ ինքը հրաժարվել է, որ ինքը կապ ունի 102 մլն-ի հետ, մթամ սարքավորման հետ կապ չունի, ինքը բիզնես չունի: Բա խի՞ էր ուզեցել իմ հետ հանդիպել, որ ի՞նչ, չէ՞: Իրեն ես ոչ ճանաչում եմ, ոչ կյանքում բարեւել եմ: 2 անգամ ինձ հետ հանդիպել է, այսինքն` ինչի՞ համար»:

Մենք խնդրեցինք մանրամասնել, թե այդ հանդիպումների ընթացքում կոնկրետ ի՞նչ են խոսել եւ խոսակցության ձայնագրություն կամ որեւէ ապացույց ունի՞. «Սարքավորման համար ասել է` 102-ի փոխարեն 100 մլն կտամ, էն էլ որ դու ես: Ես վկաներ ունեմ, փաստաբանի ներկայությամբ է եղել եւ քննիչի հանձնարարությամբ, քննիչն է ասել, որ հանդիպի, գործը վերջացնեն»:

Մեր զրույցի վերջում տիկին Համբարձումյանը վստահեցրեց, որ ինքը հավատում է` մեր երկրում օրենք գոյություն ունի, իսկ եթե օրենք կա` Սուրեն Խաչատրյանն անպայման կվերադարձնի իր գումարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031