Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ չգիտես՝ ում հավատաս…

Հունվար 17,2012 18:21

Այն բանից հետո, երբ մի 10 օր առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ այցելեցի Քաջարան գյուղ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, զրուցեցի գյուղացիների եւ կոմբինատի տնօրինության հետ, այդ երկու կողմի ասածները համադրեցի, փորձեցի հասկանալ կողմերի միջեւ եղած «տալիք-առնելիքը», ինձ սկսեցին տանջել երկակի, եռակի, քառակի, տասնակի զգացողություններ: Ու դրանց մեջ հիմա մոլորված եմ: Ի տարբերություն կողմերի, որոնցից յուրաքանչյուրը գոնե արտաքնապես համոզված է իր ճշմարտացիության մեջ` ես չգիտեմ ճիշտն ու սխալը: Ես չեմ տեսնում լուծումը: Դրա համար ընդամենը ինձ տանջող զգացողությունները կնկարագրեմ:

Մի կողմից` գյուղն է: Ճիշտ է` անխնամ, ճիշտ է` կիսավեր, բայց բնակավայր է, մարդիկ են ապրում, եւ այնքան էլ կարեւոր չէ` 12, թե՞ 131 տուն կա: Տուն քանդելը, մարդկանց տեղահան անելը, եթե նույնիսկ դրա համար լավագույնս փոխհատուցեն, առնվազն զգայական առումով խոցում է, նեղացնում է մարդ արարածին: Ապա` բնությունը: Ունենք չունենք մի բուռ հայրենիք ունենք, դա էլ դնենք ու փորենք, ինչ կա –չկա (եղածն էլ առանձնապես շատ բան չի), հանենք, արդյունահանենք, ֆլորան-ֆաունան փչացնենք` որ ի՞նչ…Բա հետո՞, բա վե՞րջը… Հաջորդ կողմից իսկապես մտահոգ գյուղացիներն են` «ախր մեր գյուղը պատմություն ունի, 11-րդ դարի գերեզմաններ ունի, Կապուտան լիճ ունի… չի կարելի հրաժարվել էդ պատմությունից, ախր մեր ծնողների գերեզմաններն են այստեղ…»: Կան նաեւ գործարար ջիղ ունեցողները`«տարեկան քսան հազար դոլարի եկամուտ ունեմ գյուղից» ու թվարկում է` կարտոֆիլ, կաղամբ, պանիր, միս, հաշվում, դառնում է տարեկան քսան հազար դոլար, ու ասում է` «էդքան կարա՞ն տան ինձ, որ ես թողնեմ գնամ»: Դրանից հետո էլ ասում է` թող մի միլիոն տան, կգնամ: Գյուղացիները նկատողություն են անում, թե` «կատակ է անում, գիտի,  որ էդքան տվող չեն, դրա համար են ասում»: Էն մյուս կողմում գյուղապետն է, որ ակամայից հերոս դարձավ, եւ հիմա հերոս-հերոս է կռիվ տալիս` «Էսօր մենք մեր ունեցվածքն ենք ուզում, մեր ունեցվածքն ա մոլիբդենը, մեր գյուղի ունեցվածքն ա, բա ո՞ւմն ա, մեր հանքերն ենք ուզում: Բա մենք փայ չունե՞նք»: Եւս մի կողմում համառորեն պտտվող լուրերն են, որ այս ամեն ինչի հետեւում մի այլ ուժ է, որը փորձում է գյուղացիների եւ գյուղապետի միջոցով իր անձնական հարցերը լուծել: Մեկ այլ կողմում կոմբինատի փոխտնօրենի խոսքերն են` «Հայաստանի բյուջեի առաջին լցնողը մեր կոմբինատն է: Ինչքան կոմբինատի եկամուտներն են շատանում, բյուջեն էնքան շատ ա լցվում: Ադրբեջանի ռազմական բյուջեն մեր երկրի ամբողջ բյուջեի չափ է, ամեն օր մի նոր զենք ու ինքնաթիռ է գնում, բա մեզ էդ ամեն ինչը պե՞տք չի, մեր բյուջեին փող պե՞տք չի»: Հետո տնօրենի խոսքերը` մեզ հիմա էդ հողերը պետք չեն, մենք դեռ պատրաստ չենք դա շահագործելու, ուղղակի չենք ուզում թողնել, որ էդ հողերը մի ինչ-որ գյուղապետ օտարի: Հետո կոմբինատի մյուս աշխատակցի խոսքերը` սովետի ժամանակ բոլորին Քաջարան քաղաքում տուն տվեցին էդ տների փոխարեն, իրենք նորից եկել են գյուղում ապրում են, բայց մենք էլի պատրաստ ենք ամեն ինչը փոխհատուցել, նոր տներ կառուցել…

Մի կողմում գյուղացիների հպարտ-հպարտ խոսքերն են` մեր 11-րդ դարի գերեզմանը ու՞ր թողնենք, գնանք, մյուս կողմում այդ հին գերեզմաններից մնացած ավերակներն են` հողուցեխի տակ, եւ ճանապարհի վրա գլորված մի գերեզմանաքար…

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031