«Ավելին, քան մամուլի հաղորդագրությունում էր՝ ասել չեմ կարող, դիվանագիտական էթիկայի խախտում կլինի»,- այսպես արձագանքեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է արձագանքել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամների բարձրացրած հարցերին:
Հանդիպման մանրամասներին անդրադառնալ չցանկացավ նաեւ ՀԱԿ իրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը. «Մոտավորապես քննարկվել են այն հարցերը, որոնց շուրջ օրերս կայանալիք ասուլիսում ես պատրաստվում եմ խոսել, հետեւաբար, այժմ ձեռնպահ կմնամ մանրամասներին անրադառնալուց»:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հունվարի 16-ին հանդիպել էր Ջոն Պրեսկոտի հետ: Ըստ որոշ ԶԼՄ-ներին ՀԱԿ-ի տրամադրած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկել էին ԵԽԽՎ 1837 բանաձևի կատարման ընթացքը, Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի բարելավման եւ վերահսկման խնդիրները: Լեւոն Զուրաբյանը նաև քաղաքական գնահատական էր տվել անցած տարվա դեկտեմբերին հրապարակված Մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԾ զեկույցի կապակցությամբ:
Այնուհետև ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել էր Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել էր Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել էին նաև Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ