Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են»

Հունվար 17,2012 16:32

ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի  խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին:

Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև համալսարանի 2011թ. եկամուտների և ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը:

Մինչ օրակարգին անցնելը, Նախագահն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների և երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված և հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի. «Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, և այսօր 148 երիտասարդներ,  ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են:

Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է: Մինչև 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով: Հաջորդ ծրագիրը երիտասարդ գիտնականների համար մի հիմնադրամի ստեղծումն էր, որի մասին նրանց հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք, և այդ ծրագիրն արդեն գտնվում է իրականացման փուլում: Բացի այն ծրագրերից, որոնք իրականացնում է պետությունը, այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա երիտասարդ գիտնականների համար:

ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր: Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք և սպասում ենք նոր առաջարկությունների»,-ասել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ ցանկը կարելի է շարունակել՝ թվարկելով ևս մի շարք ծրագրեր, սակայն կարևորը դրանց քանակը չէ, այլ այն, որ համալսարանի կոլեկտիվը, ուսանողները, դասախոսները չեն սահմանափակվում միայն ներբուհական խնդիրներով: Նախագահը նշել է, թե ուրախ է, որ հանդիպումների ժամանակ բարձրացվում են հարցեր, որոնք կենսական են և կարևոր նաև ընդհանուր կրթության և գիտության համար: Երիտասարդների հետ հանդիպումները օգտակար և արդյունավետ համարելով՝ Սերժ Սարգսյանը վերահաստատել է դրանք շարունակական դարձնելու իր պատրաստակամությունը:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031