Լրահոս
Օրվա լրահոսը

«ATV»-ն եւ «ArmNews»-ը խախտե՞լ են օրենքը

Հունվար 17,2012 16:26

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը եւ այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը: Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա»:

Սակայն մեր լուսանկարներում (ներողություն ենք խնդրում որակի համար՝ դրանք արված են հեռուստացույցից) էլ երեւում է, որ «ATV» եւ «ArmNews» հեռուստաընկերությունների անվանումները հեռուստաէկրանների վրա հայերեն չեն՝ օգտագործված է անգլերեն (լատինատառ) տարբերակը: Եվ եթե «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի դեպքում ասվեց, որ այդ հաղորդումն ազգային փոքրամասնությունների համար է, ապա այս դեպքում հեռուստաընկերությունների լատինատառ անվանումները մենք տեսնում ենք ողջ օրվա ընթացքում` տարբեր ժամերին:

Այս առնչությամբ Aravot.am-ը հեռուստաընկերությունների պատասխանատուներից պարզաբանում խնդրեց, թե դա օրենքի խախտում չէ՞: «Ա թի-վիի» նորանշանակ տնօրեն Վահագն Խաչատրյանն ի պատասխան՝ ասաց, որ «Դրան ուղղակի պետք է վերաբերվել որպես նկար: Այսինքն` ինքը տառ չի, ինքը նկար է այդ եռանկյունիները»: Մեր հարցին` այսինքն` ձեր հեռուստաընկերության անվանումն ըստ ձեզ հայերե՞ն է, նա վստահեցրեց, որ այո, ուղղակի հեռուստադիտողները նկարն են տեսնում: Մենք եւս մեկ անգամ փորձեցինք ճշտել` այսինքն ձեր կարծիքով դա օրենքի խախտում չէ՞, ինչին ի պատասխան` պարոն Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ շատ շուտվանից է այս լոգոտիպն այսպես գնում եւ չեմ կարծում, որ սա խախտում է»:

Իսկ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը մեր զրույցում պարզաբանեց. «Դուք ճիշտ եք, մի կողմից դա կարելի է դիտարկել օրենքի խախտում, բայց դա օրենքի խախտում չէ, որովհետեւ դա ոչ թե հեռուստաընկերության անվանումն է, այլ հեռուստաընկերության տարբերանիշն է»:

Արտակ Ալեքսանյանը նաեւ ասաց, որ հատուկ բլյում են սարքել, որ տարբերանիշի կողքին անընդհատ նաեւ գրվի հայերենով` «Արմնյուզ լրատվական հեռուստաալիք». «Մյուս կողմից «Արմնյուզն» այն եզակի ալիքներից է, որն ամբողջ օրը` համարյա 24 ժամ հայերենով ինֆորմացիա է մատուցում, եւ չեմ կարծում, որ օրենքի խախտում է: Դա տարբերանիշ է, որը գրվում է աջ անկյունում, եւ համարյա յուրաքանչյուր 15 րոպեն մեկ հիշեցվում է հայերեն տարբերակը»:

Խախտում է դա, թե ոչ` մեր խնդրանքով շուտով կպարզաբանի նաեւ վերահսկող մարմինը` ՀՌԱՀ-ը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031