Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր՝ հունվարի 17-ին, Կոտայքի մարզում արտակարգ պատահար է տեղի ունեցել։
Ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացին ահազանգել է, որ Երեւան–Սեւան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում ավտոմեքենա է գլորվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի աշխատակիցները՝ Աբովյանի ոստիկանապետ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի հատուկ փրկարարական ջոկատը՝ վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։ Նշված ձորում հայտնվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 03 ՏՏ 938 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին վնասված։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մեքենայից դուրս են բերել վարորդի դին։ Մահացածը Երևանի Աղբարաշեն թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Տիգրան Ջուլյանն էր, ում ոստիկանությունը որպես անհայտ կորած մի քանի օր է փնտրում է։
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել նաև դատական բժիշկը, փորձագետը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչը։ Քննիչի որոշմամբ՝ արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ավտոմեքենան ճանապարհից գլորվել էր ձորը՝ մոտ 300 մետր։ Այս պահին փրկարարները քարշակի և վերամբարձ կռունկի օգնությամբ փորձում են ձորից դուրս բերել ավտոմեքենան, որը տեղափոխվելու է ոստիկանության Աբովյանի բաժնի տուգանային հրապարակ։
Այստեղ են հավաքվել մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, որոնց փորձում են դեպքի վայրից հեռացնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ