Եվրոպական միությունը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 և 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: ԵՄ և ԵԱՀԿ համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ–ի Երևանյան գրասենյակի կողմից: «Առավոտին» հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:
Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում է վերջիններիս ցանկությունը` օգնել Հայաստանին անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ:
Որպես հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր` այն նպատակ ունի օժանդակելու ընտրություններում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին:
Ծրագիրը նախատեսում է հետևյալ նպատակների իրականացում.
Կարդացեք նաև
- քաղաքացիական հասարակության հմտությունների ամրապնդում` արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման և ընտրական գործընթացների` ներառյալ ընտրարշավների, քվեարկության և բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման համար,
- երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում և սատարում` Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուժեղացման և աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով` 2012 և 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում և հետո: Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի ազգաբնակչության համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:
- ընտրական հանձնաժողովների տեխնիկական և մասնագիտական ունակությունների հզորացում բոլոր մակարդակներում, որը թույլ կտա իրականացնել ընտրական գործընթացների արդյունավետ և հաշվետու վարչարարություն,
- ոստիկանության տեխնիկական և մասնագիտական ունակությունների բարելավում, որոնք անհրաժեշտ են տվյալների համապատասխան այլ շտեմարանների հետ ինտեգրված քվեարկողների ճշգրիտ և հասանելի ցուցակների տրամադրման համար
- հանցագործությունների մասին ստացված հաղորդագրությունների արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև ընտրություններին նախորդող բռնությունների քննության գործերում ներգրավված ոստիկանների տեխնիկական ունակությունների, գիտելիքների և հմտությունների բարելավում,
- ընտրական իրավունքների և ընթացակարգերի մասին հասարակության իրազեկման բարձրացում, մասնավորապես մարզերում: