Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի գործ. դատախազին դեմ էին

Հունվար 17,2012 15:33

Պայմանագրային զինծառայող, սպա Արտակ Նազարյանի ինքնասպանության հասցնելու գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում, որն այսօր ընթանում է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական տարածքի դատարանի շենքում, դատավոր Սամվել Մարդանյանը մտավ խորհրդակցական սենյակ:

Նիստը, որը հետաձգվել էր մինչեւ ժ.14-00-ը՝ պաշտպան Ալվարդ Մնացականյանի դատարան չներկայանալու պատճառով, սկսվեց: Պաշտպանը եկավ: Դատարան ներկայացավ նաեւ ՀՀ զինդատախազի 16.01.2012թ. գրությամբ, ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերով բաժնի դատախազ Հայկ Հարոյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը փորձեց ճշտել, թե դատախազը ծանո՞թ է գործին: Հայկ Հարոյանն ասաց, թե ծանոթ է գործի վարույթին՝ պատճենահանված գործի նյութերին:

Երբ Ռ.Մարտիրոսյանը փորձեց հարցերը շարունակել, նախագահողը նրան ընդհատեց, ասելով, թե դատախազի հարցաքննությամբ չեն զբաղված:

Արտակ Նազարյանի քույրը՝ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը բացարկ հայտնեց դատախազին, հայտարարելով, որ մեղադրանքը կեղծ է, եւ որ չի կարելի պաշտպանել այս կեղծ մեղադրանքը. «Իրականացվել է հանցագործության կեղծ սցենար»:

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ գործ ունենք սպանության հետ, իսկ դատավորը ասում էր, թե մահվան գործ է իր վարույթում, եւ ոչ թե՝ սպանության:

Նոր դատախազի ներգրավվելուն դեմ էին ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանի, Վահագն Հայրապետյանի, Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հարությունյանի պաշտպաններն ու հենց իրենք՝ ամբաստանյալները: Իր գործընկերոջը փորձեց պաշտպանել գլխավոր դատախազությունից այս գործով մեղադրանքը պաշտպանող, դատախազ Հարություն Հարությունյանը: Նա ասաց, որ բազմադրվագ գործերով, եթե մեղադրողը գտնվի այլ դատական նիստի, մյուսը գոնե կարողանա մասնակցել եւ՝ «հասնի ճշմարտության»: Հավանաբար, մեղադրողը նկատի ուներ իր հնարավոր բացակայությունները բազմադրվագ մեկ այլ գործի հետ կապված՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով:

Իսկ Հայկ Հարոյանը կարողացավ ասել, որ կաշկանդվածություն չկա եւ որ «իր մասնակցությունից պարզ կդառնա, որ տարվել է օբյեկտիվ քննություն»:

Նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը անցել է խորհրդակցական սենյակ՝ դատախազի բացարկի հետ կապված որոշում կայացնելու:

Ի դեպ, վերջին շրջանում հաճախակի են նկատվում մեղադրանքի կողմի հակասությունները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդություններին դեմ են լինում հենց իրենք՝ մեղադրանքը պաշտպանողները, իսկ փոխարենը նրանց միջնորդությունները պաշտպանում է պաշտպանական կողմը՝ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները:

Ակնհայտ է, որ նախաքննությունից սկսած, լուրջ հակասությունները դատարան են փոխանցվում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031