Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսախցիկները կհետեւեն աշակերտներին եւ ուսուցիչներին

Հունվար 17,2012 15:30

Երեւանի որոշ դպրոցներում տեսախցիկներ են տեղադրված: Ստացվում է, որ ուսուցիչներն ու աշակերտները այլեւս հսկողության տակ են:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հակազ Նավասարդյանը դրանում վատ բան չի տեսնում, մանավանդ որ՝ դպրոցի բյուջեից չեն ծախսերն արվել: «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ ավարտելու 30-ամյակի առիթով հավաքվել են դպրոցի շրջանավարտները, առաջարկել 1 մլն դրամի սահմաններում ինչ-որ նվեր անել, տնօրենն էլ չի ցանկացել գումարը վերցնել, հուշել է՝ տեսախցիկներ գնել:

«Ես ընդհանրապես դեմ եմ, որ դասասենյակներում տեսախցիկներ դրվեն, իսկ գաղափարը եկավ նրանից, երբ 2006-2007թթ. միասնական քննություններ անցկացվեցին, ու մեր դպրոցն էլ դարձավ քննական կենտրոն: Այդ ժամանակ տեղադրեցին տեսախցիկներ ճաշարանում, որտեղ 100-ից ավելի երեխա էր քննության մասնակցում, հետագայում մտածեցինք մենք էլ այդպիսի բան անենք, շրջանավարտները տեսախցիկներ առան-տեղադրեցին: Այս պահին ունենք 8 տեսախցիկ, որոնցից 2-ը տեղադրված են ճաշարանում, որտեղ հիմնականում անցկացնում ենք հանրապետական օլիմպիադաները, մեր դպրոցի ընդունելության քննությունները»: Ֆիզմաթ դպրոցի տնօրենն ասաց, որ հատկապես իրենց դպրոցի քննությունների ժամանակ ծնողներին չեն թողնում կանգնել դռան մոտ, հրավիրում են իր աշխատասենյակ, մոնիտորով նայելու ողջ դահլիճը. «Ծնողները կարող են տեսնել՝ այնտեղ աղմկալի՞ պրոցես է, թե՞ մարդիկ հանգիստ նստած աշխատում են: Նպատակը վերահսկողությունն է ու թափանցիկությունը, ինչը մենք՝ կազմակերպիչներս, կարող ենք ապահովել օլիմպիադաների եւ քննությունների ժամանակ»: Հ. Նավասարդյանի խոսքով, մի տեսախցիկը մուտքն է հսկում, մյուս 5-ը տարբեր հարկերն ու միջանցքները: Դրա հիմնավորումն էլ ունի. «Երեխաներն այսօր մի քիչ աշխույժ են, ճիշտ է, նրանց որակը լավացել է, տաղանդավոր երեխաների թիվը շատացել է, բայց դրա հետ մեկտեղ այլ խնդիրներ կան՝ փողոցային եւ սերիալական տրամադրությունները, գռեհիկ խոսակցական լեզուն մտել է հեռուստատեսություն եւ բնականաբար՝ նաեւ դպրոց, իսկ տեսախցիկները ընդամենը հսկելու միջոց են, բայց այնպես չի, որ ամբողջ օրը նստած նայում ենք, թե ով ինչ է անում»:

Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը եւս ավելորդ չի համարում կրթօջախում տեսախցիկների առկայությունը: Նա այն կարծիքին է, որ տեսախցիկները վերահսկողությունն ուժեղացնելու համար են: Տնօրենը նաեւ վստահեցնում է, որ պատահել են դեպքեր, երբ տեսագրությունն օգտագործվել է ինչ-որ խնդիր հարթելու, երեխայի վարքագծի մասին տեղեկություն ստանալու ու կորած իրը գտնելու համար: Իսկ չե՞ն նեղվում դրանից ուսուցիչները: «Ինչո՞ւ պետք է նեղվեն, եթե ուսուցիչն իր աշխատավայրում է եւ իր տեղում, զգուշանալու բան չունի, եւ հետո, այսպես թե այնպես, դասասենյակում 30 երեխայի կողմից վերահսկվում է»,- նշում է Սարգսյանը:

Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանից հետաքրքրվեցինք, ի՞նչ իմաստ ունի տեսախցիկներ տեղադրել դպրոցում, եւ ադյո՞ք դպրոցի բյուջեն թույլ է տալիս նման շռայլությունների գնալ: «Մենք բյուջեով չենք կարող այդպիսի ծախսեր անել, ՀՕՖ-ի եւ հովանավորների միջոցներով ենք տեսախցիկներ տեղադրել»,- նշեց տիկին Պետրոսյանը: Նաեւ ասաց. «Աստված մի արասցե, եթե որեւէ կոնֆլիկտ լինի ուսուցչի եւ աշակերտի միջեւ, դա էլ կարող ենք տեսագրություններով պարզել»: Նրա խոսքով, տեսախցիկներ կան իրենց դպրոցում ամենուր՝ մուտքերի մոտ, ելքերի ու ողջ տարածքում:

Քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մեկնաբանության խնդիրը կարծես չկա. «Ժամանակակից երեւույթ է, ինչո՞ւ չունենան, եթե դրա հնարավորությունը կա, ոչ ոք չի պարտադրել, ոչ ոք չի պահանջել»: Իսկ դպրոցի բյուջեի՞ց է այդ ամենն արվում: «Իհարկե, դպրոցներն ունեն բյուջե, իրենց բյուջեն տնօրինելու իրավունք խորհրդի համաձայնությամբ»,- պատասխանեց պետի տեղակալը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031