Լրահոս
Օրվա լրահոսը

Ախթալայի գյուղերում տների 1 քմ-ն հասել է 10 դոլարի

Հունվար 17,2012 15:04

Հյուսիսային պողոտայում շենքերը կիսադատարկ են եւ դրա պատճառն այն չէ, որ այդ բնակարանները տեր չունեն, դրանց սեփականատերերն, ըստ «Ակցեռն» կազմակերպության նախագահ Հակոբ Բաղդասարյանի, արտերկրում են բնակվում կամ հայաստանաբնակներ են, որոնք մի քանի տեղ տուն ունեն եւ գերադասում են ապրել ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ՝ իրենց առանձնատներում:

Այսօր «Հայելի» ակումբում Հակոբ Բաղդասարյանն ու Հայաստանի գործատուների պետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրին անշարժ գույքի շուկայի տարեվերջյան գնային տատանումները, եւ թե Հարավ արեւմտյան երկրներում լարվածությունն ի՞նչ արձագանք է ունեցել եւ կունենա ՀՀ անշարժ գույքի շուկայի վրա:

Հարցին ի պատասխան, թե Սիրիայում եւ այլ արաբական երկրներում, ներքին հակամարտությունով պայմանավորված, հայերի հոսքը դեպի Հայաստան որքանո՞վ է անդրադարձել անշարժ գույքի շուկայի ակտիվացման վրա, մասնագետները փաստեցին, որ էական աճ չի գրանցվել, բայց որոշ աշխուժություն նկատվել է:

Ըստ Գագիկ Մակարյանի, վերջին շրջանում բնակարան ձեռք բերել ցանկացողների հետաքրքրությունն էլիտարների նկատմամբ նվազել է եւ քաղաքի տարբեր հատվածներում կառուցված էլիտարներում բնակարանները չեն վաճառվում:

Մասնագետի կարծիքով, սա ոչ միայն բիզնեսի, այլեւ տնտեսության զարգացման տեսանկյունից վատ է, քանի որ դրա պատճառով, մոտ 2 միլիարդ դոլարի կապիտալ ներկայումս սառեցված է. «Տնտեսությունից դուրս է եկել, բայց չի վերադարձվում»:

Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ դեռեւս հիպոթեքի տոկոսադրույքները մեր երկրում շատ բարձր են եւ այդ պայմաններում փոքր բիզնեսի համար չի կարող զարգանալ անշարժ գույքը որպես գրավի առարկա ի պահ տալու եւ գումար փոխառելու եղանակը. «Փոքր բիզնեսի համար անշարժ գույքը հաճախ ծառայում է որպես գրավի առարկա, եթե փոքր բիզնեսն առայժմ զարգանում է շատ դանդաղ եւ թույլ, ապա այդ առարկան էլ չի առաջանում, չի ձեւավորվում»:

Ըստ Գագիկ Մակարյանի, գյուղական բնակավայրերում անշարժ գույքով գրավի մասին խոսք լինել չի կարող, քանի որ օրինակ՝ Ախթալայի Շամլուխ գյուղում անշարժ գույքի գներն այնքան են իջել, որ այնտեղ բնակարանների 1 քմ-ն վաճառվում է 10 դոլարին համարժեք դրամով:

Պարոն Բաղդասարյանի տվյալներով, այսօր շուկայում անշարժ գույքի գործարքների մեծ մասը կատարվում է կանխիկ, մինչդեռ, եթե բանկերը իրատեսական տոկոսներով հիպոթեք առաջարկեին, ապա, մասնագետի կարծիքով, յուրաքանչյուր 2-րդ գործարքը կկատարվեր հիպոթեքով. «Սակայն առայժմ գործարքների միայն 10-15 % է հիպոթեքով»:

Ըստ նրա, քաղաքի ծայրամասերում՝ Նուբարաշենում, Չարբախում , Շենգավիթում եւ այլ թաղամասերում, ներկայումս անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը 800 դոլարին համարժեք դրամ է, իսկ կենտրոնում՝ 1000-ից հասնում է մինչեւ 2500 դոլարին համարժեք դրամի:
 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031