«Մարդուն՝ իրեն երջանիկ զգալու համար շատ բան է հարկավոր»,- այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ Win Gallup International կազմակերպության հետազոտության՝ հայաստանցիների 70 %-ը երջանիկ է: Արդյոք դա այդպե՞ս է: Հոգեբանը մանրամասն տեղյակ չէ հետազոտությանը, բայց առանձնապես համաձայն չէ դրա արդյունքների հետ: Ըստ տիկին Նալչաջյանի՝ Հայաստանում մարդիկ հոգսառատ են, արդյունավետ ապրելու դեպքում նոր երջանիկ կլինեն:
Gallup-ի հարցումն անցկացվել է 500 երեւանցիների շրջանում՝ հեռախոսով: Տրվել է երկու հարց՝ արդյոք երջանի՞կ եք, նման մի հարց էլ տրվել է Ամանորի շեմին, երբ մարդիկ ավելի զբաղված են եղել:
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն էլ նշեց, որ հեռախոսային հարցման տարբերակն այդքան էլ ընդունելի չէ: «70%-ը պատասխանել է «այո», նկատի ունենալով՝ «ոչ»-ը: Մասնագետներն էլ դա ընդունել են հիմք»,- փաստում է սոցիոլոգը:
Հարցումից պարզվել է, որ չինացիները ամենադժբախտ մարդիկ են, 39%-ով էլ ռուսներն են երջանիկ:
Կարդացեք նաև
Ասում են՝ երջանկությունը փողի մեջ չէ: Աթանեսյանի մոտ էլ հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ մեջ է: Նրա ձեւակերպմամբ, վիզուալ տեսանկյունից հայերի մոտ երջանկությունը հենց փողի եւ սննդի մեջ է.« Եթե մեզ մոտ չկա դժբախտություն, ապա մենք երջանիկ ենք»: Բայց սոցիոլոգի համար դա այն երջանկությունը չէ, ինչն ասենք ռուսների կամ ամերիկացիների մոտ է:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ