Լրահոս
Օրվա լրահոսը

Առա´ջ Հայաստան՝ դեպի հայկական աշխարհ

Հունվար 17,2012 14:02

Հայտնի, իսկ հայերիս համար նաեւ ապրած ճշմարտություն է, որ հայրենիքը այդպիսին է իր բնակչությամբ ու եթե որոշակի աշխարհագրական տարածքից հեռանում (հեռացվում) է բնակչությունը, ապա այդ տարածքը դադարում է տվյալ բնակչության հայրենիքը լինել, այն մնում է միայն հիշողությունում, որպես հուշ: Եվ, հակառակը, եթե այդ տարածքը բնակեցվում է որոշակի էթնիկ խմբով, ապա ժամանակի ընթացքում դառնում է հենց նրանց հայրենիքը: Մեզ հետ տեղի է ունեցել եւ մեկը, եւ մյուսը. Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի, Կիլիկյան թագավորության եւ այլ օրինակներով:

Ուստի պատահական չէ, որ հայրենազրկումը՝ որոշակի աշխարհագրական տարածքի էթնիկ բնակչությանը այդ տարածքից բռնությամբ գաղթեցնելը, համարում է ցեղասպանություն: Բայց այս նյութը ցեղասպանության մասին չէ, այլ մեր հայրենիքում իրականացվող մի երեւույթի, որի բացահայտիչն այս պահին չեմ կարողանում գտնել, սակայն հուսով եմ, որ ընթերցողը կօգնի:

Վերնագրում նշված կարգախոսների ներքո Սերժ Սարգսյանը 2008թ.-ին նախագահ դարձավ եւ սկսվեց այդ կարգախոսներով համեմված նախընտրական ծրագրի իրականացումը, որի ամենաիրականացված հատվածը մեջբերեմ. «4. Արժանավայել կյանքի ապահովում

Երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակիորեն կանդրադառնան ամբողջ ժողովրդի բարեկեցության վրա: Ամեն ոք պետք է զգա, որ իր ինքնադրսեւորման հնարավորություններն ընդլայնվում են, եւ իր կյանքի որակը բարելավվում է:

Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Աշխատանքը պետք է որոնի մարդուն»:

Այժմ մեջբերեմ Միգրացիոն պետական ծառայության կայքից վերցված պաշտոնական թվեր, ըստ որի՝ 2007թ. ՀՀ-ից արտագաղթել է ընդամենը 3.223 հայրենակից, 2008թ.-ին՝ 23.100, 2009թ.՝ 25.000, 2010թ.-ին՝ 29.860, 2011թ.՝ 81.499, դե իսկ 2012թ.՝ …(չգիտեմ, 81 հազարը կրկնապատե՞մ, թե՞ եռապատկեմ):

Ինչպես տեսնում ենք՝ «Առաջ Հայաստան» և «Հայկական աշխարհ» կարգախոսների իրականացմամբ Հայաստանը, իր բնակչությամբ, շեշտակիորեն առաջ է սլանում դեպի Հայկական աշխարհ՝ այն հզորացնելու համար, մարդիկ Հայկական աշխարհում ինքնադրսեւորվում են, այնտեղ աշխատանքն իրենց է որոնում, իրենք էլ գնում ու գտնվում են, դե իսկ կյանքի որակն էլ հաստատ բարելավվում է: Բայց արդյո՞ք մեզ պետք է ուժեղ Հայկական աշխարհը Հայաստան աշխարհի հայազրկման հաշվին:

Նշված քաղաքականությունն իրականացնողները, ինչպես նաեւ նրանց սոցիոլոգները նախընտրական այս փուլում հայտարարում են, որ Հայաստանում սոցիալական հողի վրա հուզումներ չեն լինի: Իսկապես բնակչությանը ձեթ է բաժանվել եւ միգուցե սոցիալական վիճակը բարելավվել է: Այդ դեպքում ինչից ենք այդքան դժգոհ, ինչու ենք հեռանում ու հայազրկում մեր երկիրը: Չեմ կարծում, որ իրականում Հայկական աշխարհը հզորացնելու ցանկությունն է խոսում: Սոցիալական պատճառն էլ իշխանության կողմից բացառելու պայմաններում մնում է երկրում տիրող անարդարությունից փախուստի տարբերակը:  Որն էլ, կարծում եմ, իրական պատճառներից է. չէ՞ որ 2008թ.-ից բարեփոխումներ են սկսվել նաև դատաիրավական ոլորտում, որի արդյունքը եւս տեսնում ենք վերը նշված թվերով: Սակայն պարզվում է, որ բարեփոխումների մի նոր փուլ էլ հիմա է սկսվել, որի պտուղները (հնարավոր է դրական) դեռ հետո ենք ճաշակելու: Շուտով ընտրական նոր կարգախոսներ էլ կլսենք:

Միգուցե հերի՞ք է տարբեր սերնդի բարեփոխումներ կարգախոսել, միգուցե բարեփոխվե՞լ է պետք: Ընտրողներին առաջարկում եմ այս պահից հետեւել մեր քաղաքական ուժերին ու գործիչներին եւ տեսնել, թե նրանցից ովքեր են ընդունակ իրականում բարեփոխել եւ իրենց հետ նոր շունչ բերել ԱԺ:

Կարեն Մեժլումյան

Փաստաբան

Հ.Գ.  Ի դեպ, Լիվանի բնակչության ընդվզումը եւս սոցիալական ծագում չուներ, այն անարդարության դեմ պայքար էր, ուստի մեզ մոտ լիվանյան սցենարը բացառելու համար, 1-ին քայլը պետք է լինի արդար ընտրությունների ապահովումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031