Հայկական ֆուտբոլային ակումբներն արդեն ամենայն լրջությամբ պատրաստվում են գալիք՝ տեւողությամբ ամենաերկար մրցաշրջանին, որը մեկնարկելու է առաջիկա մարտին ու կավարտվի 2013 թվականի մայիսին: Այսօր ձեզ կներկայացնենք մարզային մեր երեք ակումբների նախապատրաստական ծրագրերը:
Դիլիջանի «Իմպուլսը», որ դեկտեմբերի 23-ին արձակուրդից հետո վերադարձել էր մարզումների, հունվարի 15-ին մեկնեց Սոչի՝ ուսումնամարզական հավաքի, որի ընթացքում նախատեսված է անցկացնել 3 ընկերական հանդիպում: Թե որ թիմերի հետ կմրցեն դիլիջանցիները՝ դեռ պարզ չէ. մրցակիցները կորոշվեն տեղում: Այս հավաքին թիմի հետ չեն լինի բրազիլացի ու գանացի լեգեոներներ Ջուլիանոն եւ Իլիասու Ալհասանը: Բրազիլացի ֆուտբոլիստի պարագայում արտասահմանյան ակումբ տեղափոխվելու հարցով բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ գանացի պաշտպանը վիզայի հետ կապված խնդիրներ ունի, որոնց կարգավորումից հետո «Իմպուլսին» կմիանա արդեն փետրվարի սկզբներին Կիպրոսում կազմակերպվելիք երկրորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ: Այդպիսով, ինչպես հաղորդում է «Իմպուլսի» պաշտոնական կայքը, այս տարվա առաջին հավաքին կմասնակցի 20 ֆուտբոլիստ, այդ թվում նաեւ բոլորովին վերջերս թիմի խաղացող դարձած 20-ամյա մոլդովացի կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն, որը հայ ֆուտբոլասերին ծանոթ է «Միկայում» իր ելույթներով: Մանդրիչենկոն վեցամսյա պայմանագիր է ստորագրել դիլիջանցիների հետ՝ վարձավճարով հանդես գալու սկզբունքով: Իսկ արդեն Սոչիում թիմին կմիանա ու փորձաշրջան կանցնի սլավոնական «Կոպերի» 19-ամյա եզրային հարձակվող Ֆիլիպ Տիմովը: Նա Մակեդոնիայի Մ-19-ի կազմում վեց խաղի է մասնակցել ու դարձել է 1 գոլի հեղինակ:
Սոչիում անցկացվող հավաքը նախատեսվում է ավարտել հունվարի 27-ին: Ինչպես նշվեց, փետրվարի սկզբին թիմը կմեկնի Կիպրոս, բացի այդ՝ մինչեւ մարտի 10-ը կանցկացնի եւս մեկ հավաք, որից հետո արդեն «Իմպուլսը» կպատրաստվի մարտի 17-ին կայանալիք «Ուլիս»-«Իմպուլս» գավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը:
Հունվարի 16-ին ուսումնամարզական հավաքի մեկնեց նաեւ մեր մյուս մարզային թիմը՝ «Գանձասարը»: Միայն թե կապանցիները մեկնել են ոչ թե արտասահման, այլ Ծաղկաձոր: Այս հավաքը կավարտվի հունվարի 26-ին, որից հետո ֆուտբոլիստները երկու ազատ օր կունենան, ապա կմեկնեն արտասահման՝ երկշաբաթյա հավաքի: Բայց թե ուր՝ դեռ պարզ չէ: Հավանաբար, այս անորոշության պատճառը Թուրքմենբաշիի գավաթի խաղարկության չեղյալ համարումն էր: Ակումբի ղեկավարները պաշտոնապես հայտարարել էին, որ թիմը կրկին մասնակցելու է այդ մրցաշարին, սակայն օրերս ակումբում տեղեկացել են, որ մրցաշարը չի կայանալու, հետեւաբար՝ մասնակցության մասին խոսելն էլ անիմաստ է: Ուստի անհապաղ նոր ծրագրեր կազմելու խնդիր է առաջացել: Փոխարենը՝ հստակ են եզրափակիչ հավաքի անցկացման վայրն ու ժամանակը՝ մարտի 3-ից 16-ը՝ Անթալիայում: Մինչ այդ էլ՝ փետրվարի 16-ից 28-ը, կապանցիները կմարզվեն ֆուտբոլի ակադեմիայում: Նշենք, որ «Գանձասարն» այժմ նոր կոմպլեկտավորման փուլում է. թիմի կազմը նախորդ մրցաշրջանի համեմատ գրեթե կիսով չափ փոխվել է: Եվ ամենակարեւորը՝ թիմի հետ այլեւս չի կարող լինել վրացի դարպասապահ Լեւան Բուբուտեիշվիլին, ինչը լուրջ խնդիր է երկրի առաջնության երրորդ մրցանակակրի համար, որն, այս ամենից բացի, ամռանը մասնակցելու է նաեւ եվրագավաթային հանդիպումների:
Կարդացեք նաև
Մեր երրորդ մարզային թիմը՝ «Շիրակը», եւս Հայաստանում է անցկացնում ուսումնամարզական հավաքը: Հունվարի 8-ից գյումրեցիները մարզվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում եւ միայն փետրվարի 10-ին կմեկնեն արտասահմանյան հավաքի՝ Անթալիա: Սակայն մինչ այդ՝ հունվարի 28-ին, նախատեսված է ստուգողական հանդիպում «Փյունիկի» հետ: Գյումրեցիները եւս մեկ հանդիպում են ծրագրել, սակայն մրցակցի հարցում հստակություն դեռեւս չկա: Հայտնի է նաեւ, որ հունվարի վերջին թիմում փորձաշրջան են անցնելու չորս աֆրիկացի ֆուտբոլիստներ: Արդեն իսկ թիմին միացել է սենեգալցի հարձակվողական ոճի կիսապաշտպան, 19-ամյա Իբրահիմ Կանը, որը հունվարի 16-ից սկսել է մարզվել «Շիրակի» հետ: Իսկ թե ովքեր կլքեն թիմն ու ովքեր կմնան-կամրապնդվեն՝ պարզ կլինի հավաքներից հետո:
ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ