Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսաբանի մասնագիտությունը գրավիչ չէ

Հունվար 17,2012 13:48

Թատերական քննադատ Անուշ Ասլիբեկյանի դիտարկումները

Թատերական քննադատ Անուշ Ասլիբեկյան-Արծրունին  թյուր  է համարում տարածված այն կարծիքը, թե  այսօր թատերագետները զուտ սովորեցնողի դերակատարություն են ստանձնել. «Ռեժիսորներն էլ են  հաճախ կրկնում՝ եթե դուք այդքան լավ գիտեք, եկեք ինքներդ էլ  բեմադրեք: Արեւմտյան  կինոինդուստրիաներում գոյություն ունի ինչպես կինոքննադատի, այնպես էլ սցենարի քննադատի մասնագիտություն: Վերջինս բարձր վարձատրվող մարդ է, ով ֆիլմի նկարահանումների ժամանակ միշտ ռեժիսորի եւ սցենարիստի կողքին է ու նրանց ուղղորդում է, հարկ եղած դեպքում  էլ՝ ուղղում է սխալները: Իսկ կինոքննադատի աշխատանքը սկսվում է այն ժամանակ, երբ ֆիլմը պատրաստ է: Նա չի սովորեցնում, այլ ասում է իր կարծիքը: «Դրսում», ի տարբերություն Հայաստանի, այս տարանջատումը հստակ է, եւ խնդիրներ չեն առաջանում»:

Քննադատություն լսելու ու կարծիք արտահայտելու փորձ ձեռք բերելու լավագույն հարթակ Անուշ Ասլիբեկյանը համարում է «Թատրոն X» հայաստանյան թատերական փառատոնը, որի ժամանակ թատերաքննադատները կարողանում են կարծիք արտահայտել, իսկ բեմադրիչներն էլ առանց խռովելու՝ պատասխանել իրենց ուղղված հարցերին:

«Այս փառատոնի արդյունքում տարեցտարի թատերագետներն ավելի հստակ են արտահայտում իրենց կարծիքը, իսկ ռեժիսորներն էլ ավելի հանդուրժող են դառնում քննադատության հանդեպ»,- նշում է նա:

Մեր զրուցակիցը փաստում է, որ թատերաքննադատությունն այսօր այնքան էլ գրավիչ մասնագիտություն չէ երիտասարդների համար, սակայն եթե համեմատենք արվեստի մյուս ճյուղերի հետ, կարող ենք ասել, որ թատրոնի քննադատությունն ավելի վատ վիճակում չի գտնվում. «Այսօր արվեստի բոլոր ոլորտներում էլ նույն անխնամ վիճակն է: Մասնավորապես՝ տեսաբանի մասնագիտությունը բարդ է, իսկ մեր օրերում միտում կա դյուրամարսի հետեւից գնալու: Եթե տարիներ առաջ մրցակցություն կար թատերագիտական ֆակուլտետ դիմելիս, այսօր ոչ միայն մրցակցություն չկա, այլեւ թափուր տեղեր են մնում: Փոխարենը՝ մեծ  է մրցույթը դերասանական ֆակուլտետ ընդունվելու համար, քանի որ, ցավոք սրտի, երիտասարդների գերնպատակը սերիալում խաղալն է»:

Անուշ Ասլիբեկյանի խոսքով, թատերական մթնոլորտի ստեղծման համար պակասում է նաեւ մասնագիտական պարբերականը. «Ամեն դեպքում ես խորհուրդ եմ տալիս երիտասարդ թատերաքննադատներին՝ իրենց հոդվածներով թակել բոլոր խմբագրությունների դռները, եւ ո՞վ գիտե, գուցե բախտները բերի ու «անչափ կարեւոր» քաղաքական աղմկահարույց իրադարձությունները առաջին էջերում լուսաբանելուց հետո արվեստին վերաբերող հոդվածներին եւս մի փոքրիկ սյունակ հատկացվի»:

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031