Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ գործող ավագանին չեղածի հաշիվ է

Հունվար 17,2012 13:40

Ինչու են տապալվում Լուսաձորում իրականացվող ծրագրերը եւ  ներդրումները դառնում անարդյունավետ

«Առավոտը» գրել է, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերն ու կատարված մեծ ներդրումներն անարդյունավետ են եղել. 83 միլիոն դրամով կառուցվել է խմելու ջրագիծ, 6 կմ երկարությամբ ներքին ցանց, սակայն մի քանի տեղ ջրագծի վթարներ կան, ինչի հետեւանքով փոքր գյուղի կեսը՝ շուրջ 80 ընտանիք, ներկայումս չի կարողանում օգտվել այդ ջրագծից: Կամ՝ 21 միլիոն դրամով վերանորոգվել է մշակույթի տունը, բայց այսօր դահլիճի առաստաղը ջրի արտահոսքից վնասվել է եւ այլն :

Մեր հրապարակումից հետո Լուսաձոր են այցելել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները, որպեսզի ծանոթանան իրավիճակին: Սա կարեւոր է: Սակայն կարեւոր է նաեւ հենց տեղի՝ գյուղի բնակիչների հասարակական վերահսկողությունը: Լուսաձորում ծրագրերի անարդյունավետության պատճառներից մեկն էլ համայնքի կողմից վերահսկողության պակասն է: Համայնքի վերահսկողության գործառույթ ունի ավագանին: Լուսաձորում ավագանու 4 անդամ կա, որից Ռոման Նազարյանն անցյալ տարվա գարնանը տեղափոխվել է Ռուսաստան: Ավագանու անդամներից Էդիկ Մխիթարյանն էլ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին գյուղապետին դիմում է տվել իր հրաժարականի մասին: Մեզ հետ հեռախոսազրույցում Էդիկն ասաց, որ առաջիկա փետրվարին տեւական ժամանակով գնալու է Ռուսաստան՝ իր զավակների մոտ:

Ավագանու անդամ Սոֆյա Այվազյանը դժգոհ է Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանից այն բանի համար, որ գյուղապետը սխալ տեղեկանք է տվել այն մասին, թե Սոֆյայի հարեւան Կարո Այվազյանը նախկինում անօրինական չի շահագործել իրեն պատկանող մեքենան: Հարեւաններ, սակայն ազգակցական կապ չունեցող Սոֆյա եւ Կարո Այվազյանների հարաբերությունները տարիներ շարունակ լարված են: Սոֆյան տարբեր ատյանների ուղղված դիմումներում բողոքել է, որ Կարո Այվազյանն 2011 թվականի ամռանը անօրինական կերպով, առանց պետական պարտադիր ապահովագրության եւ տեխնիկական զննության, առանց պետհամարանիշների շահագործել է իր «Գազիկ» ավտոմեքենան: Սոֆյան մտադիր է բողոքը հանել գյուղի սահմաններից՝ հանդիպել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ նրան հանձնել ավագանու անդամությունից հրաժարականի իր դիմումը: Դրանով 213 տուն, 697 բնակիչ ունեցող Լուսաձոր համայնքի ավագանին կմնա մեկ անդամով եւ չի կարող նիստեր գումարել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031