Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավոր խուզարկուին» ճանաչել է Սերժ Սարգսյանը

Հունվար 17,2012 13:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն ավարտեց իր վարույթում գտնվող՝ մասնավոր խուզարկուի գործունեությամբ զբաղվող Վլադիմիր Թուրաբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: «Մասնավոր խուզարկու» Վլադիմիր Թուրաբյանը դատապարտվեց 1 ամսվա կալանքի:

Թուրաբյանը իր դատավճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում:

Այդ կապակցությամբ որոշեցինք ճշտել Վլ. Թուրաբյանի դիրքորոշումը: Մինչ Հայաստանի միակ մասնավոր խուզարկու իրեն համարող Վլ. Թուրաբյանին հանդիպելը՝ որոշեցինք նրա մասին տեղեկանալ մեր «խուզարկուական» աղբյուրներից (լրագրողի եւ մասնավոր խուզարկուի տարբերությունն այն է, որ լրագրողը իր ձեռքի տակ ունեցած տեղեկությունները հրապարակում է օրենքի շրջանակներում, իսկ Հայաստանում «Մասնավոր խուզարկուների մասին» օրենք չկա- Ռ. Մ.):

Վլ. Թուրաբյանը, ի դեպ, մեր զրույցի ժամանակ հաստատեց մեր մի քանի տեղեկությունները: Պարզվեց՝ Վլ. Թուրաբյանը 20 տարի աշխատել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կադրերի վարչության պետի տեղակալ: Նա աշխատանքից ազատվել է այն ժամանակվա տնօրենի՝ Սերժ Սարգսյանի հրամանով: Վլ. Թուրաբյանը սկսել է զբաղվել «Մասնավոր խուզարկուի» գործունեությամբ, ինչի կապակցությամբ դատապարտվել է: Նրա երազանքն է Հայաստանում հավաքել պրոֆեսիոնալներին, զբաղվել մասնավոր խուզարկուի գործունեությամբ: Դատվածության ժամանակ, երբ 2008թ. առգրավվել են նրա բնակարանում եղած փաստաթղթերը, դրանց մեջ դեռ եղել են անցյալ տարի մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Բողոսյանի մասին տեղեկություններ:

Վլադիմիր Թուրաբյանը դատարանում ուներ թարգման: Նրա շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Վարդան Գրիգորյանը:

Թուրաբյանը մեղադրվում էր Ծ. Մ.-ի ամուսնու՝ Ս. Ս.-ի սիրային կապերը բացահայտելու, Ա. Ա.-ի պատվերով Կ. Ս.-ին ձայնագրելու եւ գաղտնի լուսանկարելու, Լ. Գ.-ի պատվերով 20 000 դրամի դիմաց զինվորական կոմիսարիատից Գ. Ա.-ի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար:

Վլ. Թուրբյանը համաձայն չէ, թե ինքը անձնական եւ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ է հավաքել: «Զինկոմիսարիատից հաշվառման մեջ գտնվողի մասին տեղեկանալը ինչ ընտանեկան գաղտնիք է: Որտեղ է սահմանված, թե շոգեբաղնիքում տվյալ ժամին գտնվողի անունը ճշտելը անձնական գաղտնիք է»,- հարցնում է նա:

«Իմ պաշտպանյալը իր ո՞ր գործողություններով է բացահայտել ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք այդ անձինք փորձել են թաքցնել հանրությունից, եւ իմ պաշտպանյալի փնտրտուքի հետեւանքով է, որ դրանք բացահայտվել են: Յուրաքանչյուր դեպքում էլ իմ պաշտպանյալը տեղեկացել է այնպիսի գործողությունների մասին, որոնք բաց են եղել հասարակության համար»,- դատարանում իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց պաշտպան Վ. Գրիգորյանը:

«Անձնական գաղտնիք» է համարվել նաեւ այն, որ Վլ. Թուրաբյանը տեղեկացել է իրեն դիմած մի կնոջ՝ Ա. Ա.-ին խաբած անձնավորության մասին: Պարզվել է, որ «քցողն» աշխատում է բանջարեղենի խանութում, մինչդեռ, կնոջն ասել էր՝ չի աշխատում:

«Անհասկանալի է, թե մեղադրող կողմն ինչում է մեղադրում իմ պաշտպանյալին».- զարմացած է պաշտպանը:

Ի դեպ, դատարան այդպես էլ չներկայացան մի քանի վկաներ, հետեւաբար հրապարակվեցին նախաքննության ժամանակ նրանց տրված բացատրությունները: Գործը դատարանում գտնվելու ժամանակ, խախտելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը, գաղտնալսվել են նախկին ԱԱԾ աշխատակցի հեռախոսային խոսակցությունները: Հղում է արվել նշյալ օրենքի 62 հոդվածին, որը գոյություն չունի, քանի որ այն ավարտվում է 42 հոդվածով՝ օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթով:

Վլ. Թուրաբյանը, մինչ իր հետ կշփվեն, գիտի ով է, «ինչ է շնչում», «ում միջոցով է շնչում»: Լրագրողս, դատավորը եւ մնացյալները «շնչավորներից» մեկն էինք:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031