Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի երկրպագուներն ակտիվանում են

Հունվար 17,2012 13:18

2nd.am կայքի խմբագիր Արսեն Սահակյանը բնական է համարում, որ ֆան-կայքէջում տեղադրված են Ռոբերտ Քոչարյանի մասին միայն դրական կարծիքները:

– Պարոն Սահակյան, Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2 nd.am կայքից տեղեկացանք, որ առաջիկայում կայքում լինելու են բովանդակային փոփոխություններ: Արդյոք այդ փոփոխությունները պայմանավորվա՞ծ են նախընտրական շրջանի մեկնարկով:

– Ասել, թե մեր հայտարարած բովանդակային փոփոխությունները բացարձակ կապ չունեն այն փաստի հետ, որ տարին նախընտրական է, կլիներ փարիսեցիություն, բայց Ձեր հարցի ենթատեքստը, թե մենք որեւէ բան գիտենք երկրորդ նախագահի ծրագրերի մասին եւ այդ համատեքստում ենք առավել օպերատիվ աշխատելու, նույնպես ճիշտ չէ: Ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ նախընտրական աղմուկի եւ ամեն կերպ նպատակին հասնելու ձգտման մեջ ուրացվում են արժեքներ, մոռացվում պայմանավորված կամ չպայմանավորված խաղի կանոններ: Եվ այս ընդհանուր մթնոլորտում հաճախ են քննադատության նետերը սխալ ուղղությամբ սլանում ու անարդար թիրախներ ընտրվում: Ութ ամսվա մեր աշխատանքի ընթացքում մենք դա տեսանք ու զգացինք: Նախընտրական շրջանի մեկնարկով դրանք կշատանան: Այդպես է առաջանում մի կողմից՝ վերլուծականների անհրաժեշտությունը, հարցերին պատասխան տալու պահանջը, մյուս կողմից՝ օպերատիվ տեղեկատվություն տալով՝ անտեղյակ ու անհիմն հրապարակումները կանխելու ձգտումը: Եվ հետո, մեր կայքը զարգացման բնական ընթացքի մեջ է: Եթե առաջ մենք մի քանի նամակ էինք ստանում կայքի այցելուներից, այսօր դրանք տասնապատկվել են: Բացի այդ, նամակները շատ հաճախ հակիրճ գրությունից վերածվել են վերլուծական հոդվածների: Նույնը վերաբերում է տեսանյութերին: Եթե առաջ մի հինգ նման կլիպ էինք ստանում, այսօր դրանց թիվը հիսունի է հասել: Բնականաբար, այս ամենը չի կարող իր արտացոլումը չգտնել կայքում:

– 2nd.am կայքը ներկայացվում է իբրեւ Քոչարյանի երկրպագուների ֆան-կայք: Որքանո՞վ է տեղին նման կայքում վերլուծական հոդվածների տեղադրումը, եւ ի՞նչ նպատակի են դրանք ծառայելու:

– Այս հարցին պատասխանելու համար եւս մեկ անգամ պետք է նշել կայքի ստեղծման նպատակը: Մենք ասում ենք, որ անկախ համակրանքից կամ հակակրանքից, անկախ այն բանից՝ կողմ ենք, թե դեմ նրա վերադարձին՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի, գործ ունենք մի պետական գործչի հետ, ով հայոց պետականության մեջ ունեցած ծանրակշիռ ներդրումով դարձել է պատմական կերպար, ով մեր նորագույն պատմության ամենանպատակասլաց ու հաջողած գործիչներից մեկն է, եթե ոչ միակը: Կայքէջի ստեղծման նպատակը մեր պետականության ձեռքբերումները եւ դրանց հեղինակին պաշտպանելն է: Եթե այսօր պահանջվում է պաշտպանել քաղաքական, վերլուծական հոդվածների միջոցով, ուրեմն կպաշտպանենք այդ ճանապարհով: Թյուր կամ կեղծ պնդումներ ներկայացնող հոդվածները երկու տեսակ են լինում: Կան այնպիսի հրապարակումներ, որոնց հեղինակները շատ լավ էլ գիտեն, որ կեղծում են, բայց իրենց ստնտուների քաղաքական շահն այդպես է պահանջում: Եվ կան սխալվողներ, ովքեր տեղեկատվության պակասի պատճառով են վրիպում: Երկու դեպքում էլ արժե պատասխանել՝ իրերն իրենց անուններով կոչելու եւ մարդկանց իրազեկելու նկատառումով:

– Փաստորեն, Ձեր խմբագրած կայքը զուտ տեղեկատվական ֆան-կայք լինելուց անցում է կատարում դեպի քաղաքական քարոզչության հարթություն: Որքանո՞վ է Ձեր այդ որոշումը համաձայնեցված անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Մենք քաղաքական քարոզչություն չենք իրականացնում: Ի դեպ, կուզեինք, որ քաղաքական քարոզչություն իրականացնելու նպատակ ունենալիս Ռ. Քոչարյանը նաեւ մեր կայքի հնարավորություններն օգտագործեր, բայց չեմ կարծում, թե քարոզչության նպատակ հետապնդելիս երկրորդ նախագահը մեր հույսին կմնա: Ինչ վերաբերում է մեր որոշումը Ռ. Քոչարյանի հետ համաձայնեցնել-չհամաձայնեցնելուն, ապա ոչ նախկինում, ոչ էլ հիմա նման խնդիր չենք ունեցել:

– Թեպետ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ կայքը ստեղծվել է բացառապես երկրպագուների ջանքերով եւ գրասենյակի մասնակցությունը եղել է միայն արխիվային նյութերի տրամադրման մասով, այնուամենայնիվ, շատերի մոտ տեսակետ կա, որ Քոչարյանի գրասենյակի մասնակցությունը շատ ավելի մեծ է:

– Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք: Այո, գրասենյակի աջակցությունը գնալով մեծացավ, գնալով ավելի շատ եւ ավելի թարմ նյութեր է տրամադրում՝ նկատի ունեմ լուսանկարներ, տեսաերիզներ, հրապարակումներ: Եթե Ռոբերտ Քոչարյանը որեւէ լրատվամիջոցի հարցազրույց է տալիս, ապա նրա գրասենյակը այդ հարցազրույցը մեզ էլ է տրամադրում, ինչի համար շնորհակալ ենք: Բացի այդ, մարդիկ հաճախ մեզ չեն գտնում եւ մեզ հետ կապ են կարողանում հաստատել երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով: Այդքանով կապը գրասենյակի հետ ավարտվում է: Ձեր ակնարկած ավելի մեծ օժանդակությունը չկա եւ չի եղել:

– Իսկ ո՞րն է պատճառը, որ կայքում ներկայացված են Քոչարյանի մասին բացառապես դրական կարծիքները, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ բացասական կարծիքները եւս, մեղմ ասած, քիչ չեն:

– Նախ ասեմ, որ բացասական կարծիքները շատ փոքր թիվ են կազմում դրական կարծիքների համեմատությամբ: Այս ընթացքում մեր հարցերին պատասխանել է ավելի քան հազար մարդ: Նրանցից 812-ը, այսինքն՝ հարցվածների շուրջ 81 տոկոսը, կողմ են մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, 754-ը, այսինքն՝ 75 տոկոսը, ոչ միայն կողմ են, այլեւ կոչ են անում անպայման վերադառնալ եւ կրկին պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի համար, իսկ հարցվածների մոտավորապես 65 տոկոսը, այսինքն՝ 654 մարդ, միայն Ռոբերտ Քոչարյանի հետ է կապում երկրի ապագա բարգավաճման հույսերը: Եվ հետո, կարող եք պատկերացնել, որ ասենք՝ Իռլանդիա-Հայաստան խաղի ընթացքում մեր հավաքականի ֆան-ակումբի անդամները իռլանդացիների անունները վանկարկեին: Մենք Ռոբերտ Քոչարյանի ֆան-ակումբի անդամներ ենք եւ փոքրաթիվ բացասական կարծիքները (ըստ մեզ՝ սխալ) հրապարակելու մտադրություն չունենք: Ուզում եմ ասել, որ մենք դասական իմաստով լրատվամիջոց չենք եւ մեզ հարկ չկա կողմնակալության մեջ մեղադրել, մանավանդ որ մեր հարցումները նկարահանված են, ու այդ տեսաերիզներում իրական մարդիկ իրական գնահատական են տալիս երկրորդ նախագահի գործունեությանը:

– Ի՞նչ ֆինանսական միջոցների հաշվին է կայքը գործում, ի վերջո, ո՞վ է վճարում Ձեր եւ կայքի մնացած աշխատակիցների աշխատավարձերը:

– Մեր կայքում աշխատավարձ՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Կայքի կազմակերպիչներս ու թողարկողներս, բոլորս էլ այլ աշխատանք ունենք, մեկը՝ լեզվաբան, մյուսը՝ ծրագրավորող, տնտեսագետ, իրավաբան եւ այլն: Պարզապես մեր ազատ ժամանակն ենք տրամադրում կայքէջը պատրաստելուն, որը մեծ գումար չի պահանջում: Ինտերնետային տեխնոլոգիաներին ծանոթ ամեն ոք կվկայի, որ իսկապես կայքի համար մեծ գումարներ պետք չեն:

– Եթե Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքականություն, ինչպե՞ս դա կանդրադառնա կայքի գործունեության վրա:

– Կայքում կավելանան արդիական ու հետաքրքիր նյութերը:

– Իսկ եթե նա, այնուամենայնիվ, չմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, հնարավո՞ր է, որ այդ դեպքում կայքը պարզապես փակվի:

– Արդեն ասացի, որ կայքի ստեղծման գաղափարը ոչ մի ընտրական կամ նախընտրական դրդապատճառ չունի: Մեր շարժառիթները լրիվ այլ են: Ընտրությունները անցնում են, պատմական դեմքերը՝ մնում: Այնպես որ, ընտրությունների արդյունքները չեն կարող ազդել մեր գործունեության վրա:

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031