Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանցը եւ «Գերակա շահը»/տեսաշար/

Հունվար 17,2012 14:09

Մեզանից յուրաքանչյուրը, սիրելով իր հայրենիքը, հոգու խորքում նախապատվություն է տալիս իր ծննդավայրին, իր շրջանին և իր գյուղին։ Քաջարանցիների նախապատվությունն էլ հենց իրենց ծննդավայր՝ Քաջարանց գյուղն է։

Ըստ ավանդազրույցի Կապուտան լճում  ապրում էր մի հավերժահարս։ Պատմում են, որ Քաջարանց  բնակավայրի առաջին բնակիչը մի ձյունահարս է եղել և լեռներում իր ոչխարի հոտը պահող մի պատանի։  Մի անգամ լեռան բարձրադիր ստորոտներում անսպասելի փոթորիկ է սկսվում։ Հովիվը  կորցնում է իր հոտը և ցրտահարված  ընկնում։ Ձյունահարսը նրան տանում է Կապուտջուղի խոռոչներում գտնվող իր ապարանքը և ուշքի բերում։  Այդ հավերժահարսից ու հովվից էլ ծագում են Քաջարանցիներ։  (Ա. Ղանալանյան, «Ավանդապատում», 1969թ.)
Քաջարանց գյուղը բնակավայր է եղել անհիշելի ժամանակներից, գտածո իրերը ժամանակագրում են ուշբրոնզեդարը։ Քաջարանցը հնուց ի վեր եղել է Սյունիքի կազմում։ Սյունիքը Մեծ Հայքի իններորդ նահանգն էր։ Որի տասներորդ գավառը Ձորքն էր։ Ձորքը ամենափոքր գավառն էր, որը զբաղեցնում էր Ողջի գետի վերին հոսանքը՝ Գեղվա ձորը ներառյալ։
Քաջարանցը  Ձորք գավառի բարձրադիր գյուղերից մեկն  է, Կապուտջուղ լեռան  ստորոտին։  Մեղմաթեք անդակների ու արոտավայրերի շուրջպարի մեջ։  Գյուղը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900մ բարձրության վրա։  Վաղ միջնադարից գյուղի շրջակայքում  հիշատակվել են Բագախու վանքն ու Բակավանքը։ Մինչ օրս գյուղի բնակիչների վկայում են այդ մասին  և  մի հանդամասում կա «Վանքին սեռ» հնավայրը, որի ապացույցն են հայտնաբերված հնագիտական իրեր։
Քաջարանց գյուղը Տաթեվի վանքի հատուկ գյուղերի  ցուցակում կոչվում  էր Քչանանց՝ Բաղաբերդի գավառակում։  Քաջարանց անունը հավանաբար գործածել են դավիթբեկյանները, սակայն  սկսել է շրջանառվել ռուսատիրության ժամանակներից՝ զուգահեռելով  ուշմիջնադարյան  Քչանանց տարբերակին, համենայն դեպս՝ առաջին հիշատակումը գտնում ենք Տաթեվի վանքի«Վկայագիր ՈՒռպելեանց» համախոսականում, որը ստորագրել է նաև Բադալ քյոխվա Քաջարանցին, 1835թ-ին։

PrevPhoto
NextPhoto

Քաջարանց  գյուղն  իջևանատեղ է եղել Բաղք-Գողթն հնամենի բանուկ ճանապահին, որը հին սյունեցիները նաև կոչում էին Աղի ճանապարհ՝ Նախիջևանից կերակրի աղ ներկրելու դարավոր ավանդույթով։
Ըստ մի ավանդազրույցի, դիցական լեռան մի խորխորատում երբևէ հանքային ձեթ (նավթ) է նշմարվել, և վայրը սկսել են ցայժմ կոչել Ձիթաձոր կամ յուղաձոր։
17-րդ դարում գյուղում վաղմիջնադարյան փոքրավուն եկեղեցու տեղում կառուցվել է միանավ թաղակապ եկեղեցի Հակովբ Տեառնեղբոր անվամբ, որը  խարխլված, բայց   կանգուն է մինչ օրս։ Այն այժմ վերանորոգվում է Քաջարանցիների նվիրատվություններով ու ջանքերով ։

Քաջարանցի մերձակայքում Նապատ կամ Նպատ (հաճախ անվանում են՝ Վանքին սէռ) կոչված հեթանոսական սրբատեղին  է։ Տեղանունը Ս.ՈՒմառյանը հղում է Խուրիական ջրի աստծուն։ Այն գտնվում է գյուղի հյուսիսային մասում, որտեղից սկիզբ է առնում Ողջի գետը։ ԵՎ հենց այս վայրից էլ սկսել են իրենց քանդուքարփ աշխատանքները «Գերակա շահ» կոչվածի հետևորդները։
Գյուղի արևելյան կողմում, գետի աջ մասում ԶՄՊԿ – ի Գանձասար բաց հանքն է։ Նրա տեղում է եղել Սբ Դավիթ ուղտատեղին, որը պարսկերեն բարբառով կոչվում է  Փիրդավդան (սրբավայր)։  Այնտեղ ժամանակին եղել է մի մատուռ և ուխտատեղի։ Այն գրավում էր անգամ հեռավոր վայրերի ուխտավորներին։ Ավանդազրույցն ասում է այդ վայրը իբր չբերներին  պտղավորելու զորություն ուներ, ապաքինում էր օձից խայթվածին և հովանավորում ճամբորդության անվտանգությանը։
Այժմ հնավայրից ոչինչ չի մնացել։ «Գերակա շահը» և նրա հետևանքները։
Քաջարանցի տարածքը պատմամշակույթային առումով խիստ սահմանափակ է ուսումնասիրված։ Այստեղ պարբերական հնագիտական պեղումներ չեն կատարվել։ Մեր գիտելիքները ու պատկերացումներն այս տարածքի մասին սահմանափակվում են պատահաբար հայտնաբերված սակավաթիվ հնագիտական նյութերի շրջանակներում։ Որոնք այսօր գտնվում են Կապանի երկրագիտական  ու Երևանի պատմության թանգարաններում։ Քաջարանցի տարածքից են հայտնաբերվել բրոնզյա սակր,  բրոնզյա զարդեղեններ, նետասլաքներ, գեղարդներ  և այլն։ Նրանք թվագրվում են Ք.ծ.ա. 15-13-րդ դարերով։
Տարիներն անցան, գյուղն անվանատու եղավ արևելակողմից հարևանող Քաջարան քաղաքին։
Գյուղի համայնքը 1992թ.-ին համանուն քաղաքից առանձնացվել է և ղեկավարվում է Քաջարանի գյուղապետարանով։
Պատմությունից և պատմամշակութային արժեքներից զատ, Քաջարանցը և իր շրջակա միջավայրը ուշագրավ է նաև, իր բնությամբ և բնության հուշարձաններով։
Բնության հուշարձաններից առավել հայտնի են «Զանգեզուր» արգելավայրը, իր ամբողջ տարածքով, Կապուտջուղ լեռը, Կապուտան լճակը  (բարձրությունը 3300մ, 0.1կմ.ք., խորությունը մոտ 22մ. Լճից սկիզբ է առնում Ողջիի վտակ Քաջարանց գետակը), «Հոռոմի քար» կոչված ժայռը, «Արծվաքարը» և իհարկե Ողջի գետի ակունքները։  Ողջին մինչև Քաջարան քաղաքը ունի խմելու համար պիտանի, սառնորակ և զուլալ ջուր և հարուստ է կարմրախայտ ձկներով։ Քաջարան քաղաքից սկսված Ողջի գետը համարվում է Սյունիքի մարզի և ինչու չէ ամբողջ Հայաստանի ամենակեղտոտված գետը։ Կրկին ՙԳերակա շահերը՚ և նրա հետևանքները։
Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ բուսատեսակներ և վայրի կենդանիներ։ Դրանցից շատերը գրանցված են ՀՀ կենդանիների և բույսերի կարմիր գրքում։
Մոտ 155 տեսակի կենդանիներից 41 տեսակ ապրում են Քաջարանցի տարածքում։  Դրանցից են փորոտանի՝ Սյունաձև խխունջը (այն հանդիպում է միայն Քաջարանցում), 13 տեսակ միջատներ՝ տափակ ճպուռ, Ապոլոն թիթեռ և այլն։ 5 տեսակ սողուններ, 14 տեսակ թռչուններ՝ գառնանգղ, բերկուտ, ուլար (վայրի հնդկահավ) և այլն, 8 տեսակ  կաթնասուններ՝լայնականջ ոզնի, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, հովազ և այլն։
Մոտ 450 տեսակ բույսերից 30 տեսակ գտնվում են գյուղի շրջակայքում։ Ծաղիկներ,  թփեր, խոտատեսակներ և այլն։

ԵՎ այս ամենից հետո Կարմիր գրքի առաջին էջերից մեկում կարդում ես ՀՀ  «բնաքանդման»նախարարի  ուղերձը մեզ բոլորիս՝
Հարգելի Հայրենակիցներ
Մեր երկիրը և բնակչության բարեկեցությունը ուղղակիորեն կապված են նրա բնական հարստությունից, մեր բնաշխարհի գրավչությունից։ Սակայն բնակչության աճի, տնտեսության, շինարարության տեմպերի բուռն զարգացմումը լրջորեն ազդում են շրջակա միջավայրի վիճակի, բնական էկոհամակարգի և դրանց տարրերի՝ բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների վրա։…………
ԵՎ վերջում՝
Մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա վարքի նորմա, իսկ այդ հարստության պահպանումը՝ գիտակցված անհրաժեշտություն, ինչը ամուր նախադրյալներ կստեղծի ապագա սերունդներին անխաթար բնաշխարհ փոխանցելու համար։
Միայն խոսքեր, խոսքեր…………
Դե ինչ արած, մենք էլ՝ բնապահպաններս, բնասերներս, պատմաբաններս, հնագետներս ու ճարտարապետներս առաջնորդվում ենք ձեր իսկ «վարքի նորմաներով»։  Քանի որ դուք ինքներդ ձեր իսկ առաջարկած «վարքի նորմայով» չեք առաջնորդվում։

ԵՎ ինչու չէ, նաև մեր մեծերի «վարքի նորմաներով»:
Ս.Խանզադյանի «Հայրենապատում» շարքի առաջին հատորում կարդում ենք.
«Ողջու կիրճով ոչ Պոմպեոսի բանակն է կարողացել անցնել, ոչ էլ՝ Շապուհ արքայինը»։
Իսկ Մեծն Նժդեհը գրում է՝
«Մեզնից առաջ այս լեռների վրա կռվող հայը խորապես գիտակցել է , թե Սյունիքը հանձնելը թշնամուն՝ նշանակում է հայ երկրի բանալիներն ու հայ ժողովրդի բախտը մեկընդմիշտ հանձնել իր իսլամ հարևաններին։ Նույն փրկարար գիտակցությամբ այս բարձունքների վրա պետք է կռվի, մեռնի ու հաղթի և վաղվա հայությունը։ Մոռացե՞լ եք Հայի ցեղի հավիտենագիր հրամանը, հաղթել կամ մեռնել»։   

Այնպես, որ այս ամենից դատողություններ արեք և պարզեք ձեզ համար «Գերակա շահը» ո՞րն է՝ ժողովուրդը, բնությունը, հայրենիքը  թե ձեր` «գրպանալցման» հանքերը։

«Պատմական Հուշարձանների ճարտարապետների Հայկական Ասոցիացիայի» 
փոխնախագահ Ս.Նալբանդյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031