Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն ուշացել է անգամ լավագույն սցենարի դեպքում»

Հունվար 17,2012 12:43

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հարցազրույցը

– Ընդդիմադիր քաղաքական ուժերը բավականին ակտիվորեն պահանջում են մեծամասնական ընտրական համակարգի վերացում եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում: Որպես ԱԺ նախագահ՝ ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության առաջարկին, հնարավո՞ր է՝ վերջին պահին հանկարծ փոփոխվի «Ընտրական օրենսգիրքը»:

– Բավականին հետաքրքիր քննակումներ գնացին, եւ ես ուշադիր հետեւում էի այս քննարկումներին: Սակայն ինչի՞ շուրջ են այս քննարկումները: Ես փորձեցի սպասել բոլոր հնարավոր եւ անհնարին հիմնավորումներին, լսել բոլոր կարծիքները: Ըստ էության կա միայն մեկ հիմնավորում, այն է՝ եթե ուզում եք արդար ընտրություններ, ապա պետք է անցնեք համամասնական ընտրակարգի: Բայց եթե ուզում եք անդրադառնալ ընտրական համակարգին, ապա ինչո՞ւ եք անտեսում երկրի պետական կառուցվածքը: Ինչպիսի երկիր է մերը՝ նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե՞ պառլամենտական: Ցավոք, ոչ մեկը այս քննարկումների ընթացքում չի էլ փորձել ինքն իրեն նեղություն տալ եւ հիշել, որ մեր երկրի խորհրդարանը միապալատանի է եւ ոչ՝ երկպալատանի, եւ սրանով իսկ կանխորոշված է որոշ խնդիրների լուծումը: Եկեք միասին նայենք, թե ինչ է կատարվում աշխարհի այլ երկրներում: Ուսումնասիրելով 119 միապալատ եւ մոտ 70 երկպալատ խորհրդարաններ՝ նկատելի է, որ 119 միապալատ խորհրդարաններից (որոնք, ըստ էության, նման են մեր երկրի խորհրդարանին) 44-ում գործում է մեծամասնական, 45-ում՝ համամասնական եւ 25-ում՝ խառը ընտրական համակարգեր: Այսինքն՝ ստացվում է, որ միապալատանի պառլամենտ ունեցող 69 երկրներում գործում է կամ մեծամասնական, կամ խառը ընտրական համակարգը: Սա նշանակում է, որ աշխարհում դեռեւս գերակշռում է, գործում է եւ գործելու իրավունք ունի մեծամասնական կամ խառը ընտրակարգը: Եթե այս թվերից առանձնանանք եւ միայն Եվրոպայի օրինակով նայենք այս խնդրին, ապա այստեղ եւս մեծամասնական ընտրական համակարգը դեռեւս գործուն է: Միապալատ խորհրդարան ունեցող շատ երկրներում գործում է խառը համակարգը՝ եւ համամասնականը, եւ մեծամասնականը: Այսպիսի երկրներ են Ուկրաինան, Լիտվան, Հունգարիան, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը եւ այլն: Սա նշանակում է, որ Եվրոպայում եւս միապալատանի պառլամենտներում գործում է խառը ընտրական համակարգը: Մյուս կողմից էլ՝ շատ երկրներում երկպալատ խորհրդարան ունենալով հանդերձ՝ գործում են խառը ընտրական համակարգեր, օրինակ՝ Գերմանիայում, Իսպանիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում եւ այլն: Այս բոլոր օրինակները ներկայացնելու նպատակը մեկն է՝ բացատրել մեր ընդդիմադիր գործընկերներին, որ ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգերը: Կարծում եմ՝ ՀՀ-ի համար չափազանց մեծ շռայլություն կլինի անցնել երկպալատանի համակարգի, իսկ մերի նման միապալատանի համակարգերում խառը ընտրական համակարգերի միաձուլման նպատակը մեկն է՝ որպեսզի լինի եւ կուսակցական ընտրություն, եւ պառլամենտում տարածքային ներկայացվածություն: Սա արդարացված է, գործում է, մենք երկրի բոլոր տարածաշրջաններից ներկայացուցիչներ ունենք խորհրդարանում, որոնք իրենց տարածքի կոնկրետ խնդիրներն են բարձրացնում: Ուստի այսօր տեղին չէ խոսել մեծամասնական ընտրական համակարգի ավելորդության մասին: Կարծում եմ՝ այդ մասին խոսելն է ավելորդություն: Իսկ եթե մեր գործընկերները մտահոգություն ունեն ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացման համար, ապա հենց այդպես էլ պետք է ասեն, մանավանդ՝ այդ մասին առաջինը եւ բավականին հստակ խոսել է հենց ինքը՝ իշխանությունը, երկրի նախագահը: Իշխանությունն ասել է, որ բոլոր լծակները կաշխատեցնի, գործուն մեխանիզմներ կկիրառի արդար եւ թափանցիկ ընտրությունների համար: Եկեք այս մասին խոսենք. սա մենք պատրաստ ենք քննարկել:

– Ընդդիմության տեսակետը նաեւ հետեւյալն է՝ Հանրապետական կուսակցությունը արդեն 41 մեծամասնականի մանդատ գրպանում՝ գնում է ընտրությունների, եւ այս համատեքստում համարում են, որ արդեն իսկ ընտրությունները չեն կարող արդար լինել:

– Իսկ ինչո՞ւ է ընդդիմությունը որոշել, որ չպիտի մասնակցեն մեծամասնական տեղերի համար պայքարին: Եթե իրենք որոշել են չմասնակցել, այո, ստացվում է այդպես, որովհետեւ մենք որոշել ենք ակտիվորեն մասնակցել:

– Ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝ միայն Հանրապետականն է խոսում հօգուտ մեծամասնականի, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն այդ մասին չեն խոսում:

– Քանի որ, ընդհանուր առմամբ, այս ընտրական համակարգերի շուրջ քննարկումները, իմ կարծիքով, բացառապես քարոզչական բնույթ են կրում, ապա բոլոր այն կուսակցությունները մի կողմից՝ խոսում են հարյուր տոկոսանոց համամասնականի մասին, բայց արդեն նախապատրաստվում են նաեւ մեծամասնականի, ուրեմն դա եւս իրենց կողմից ընդամենը քարոզչական բնույթ է կրում եւ ոչ ավելին:

– Ամեն դեպքում՝ հարցը ընդդիմադիր խմբակցություններն արդեն դրել են շրջանառության մեջ, ինչպե՞ս է այն ընդունվելու մեծամասնության կողմից:

– Իմ կողմից հարգված գործընկերներն այդ հարցի մասին խոսել սկսել են դեռեւս դեկտեմբերին, սակայն նախաձեռնությունը ներկայացրել են հունվարին: Եթե մենք հաշվարկում ենք ԱԺ Կանոնակարգ-օրենքի համապատասխան ժամանակացույցով, ապա անգամ դրական մոտեցում ցուցաբերելու դեպքում հարցը տեղ չի հասնելու: Այսպես, ես ներկայացնեմ լավագույն սցենարը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել հունվարի 12-ին, հերթական նստաշրջանի օրակարգ ընդգրկելու վերաբերյալ գլխադասային հանձնաժողով եզրակացություն ներկայացնելու 30-օրյա ժամկետը լրանում է փետրվարի 23-ին: Ենթադրենք, հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ենթադրենք, հարցը մտնում է քառօրյա նիստերի օրակարգ, եւ ենթադրենք՝ ԱԺ նախագահը, ով սահմանում է քննարկվող հարցերի հերթականությունը, բոլոր մնացած կարեւոր հարցերը, միջազգային պայմանագրերը, տնտեսական օրինագծերը եւ այլն, համարում է երկրորդական, իսկ այդ հարցը՝ առաջնային, դնում է քննարկման, եւ ենթադրենք՝ խորհրդարանը սրան հավանություն է տալիս: Դա կլինի փետրվարի վերջին քառօրյայում: Որեւէ հարցի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածը տեւում է 58 օր, եւ հարցը այսպիսով հասնում է մինչեւ հունիս: Հետո սա պետք է ներկայացվի ՀՀ նախագահի վավերացմանը, հետո տպագրվի պաշտոնական տեղեկագրքում, հետո մտնի ուժի մեջ: Վստահ եմ՝ իմ հարգարժան գործընկերները քաջ ծանոթ են Կանոնակարգի այս նորմերին, հետեւությունները թողնում եմ Ձեզ:

– Սակայն մի մոռացեք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն ունեն հրատապ հարցի իրավունք, եւ չի բացառվում, որ հարցի քննարկումը կպահանջեն հենց այդպես, ասենք՝ փետրվարի 6-ին սկսվող քառօրյայում:

– Դա իրենք կարող են անել միայն փետրվարի վերջին քառօրյայում՝ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, եւ ոչ ավելի վաղ. ԱԺ Կանոնակարգում այդ մասին եւս հստակ է ասված:

– Մամուլը գրեց, որ ԱԺ նախկին նախագահի կողմից իբր ինչ-որ չարաշահումներ են իրականացվել, եւ Դուք այդ մասին ասել եք, նման բան եղե՞լ է:

– Ես այդ հարցին կուզեմ պատասխանել ճիշտ այնպես, ինչպես պարոն Աբրահամյանն է պատասխանել, ասելով, որ Սամվել Նիկոյանը այդպիսի բան չէր կարող ասած լինել, եւ ես էլ կրկնում եմ այդ բանը՝ ասելով, որ այդ լուրերը բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, եւ եթե որեւէ լրագրող ինձ դիմի եւ ասի, թե պարոն Աբրահամյանն է իմ մասին այդ կարգի բաներ ասել, ես կվարվեմ ճիշտ այնպես, ինչպես պարոն Աբրահամյանը՝ կասեմ, որ չեմ հավատում այդ լուրերին:

– Մի հարց էլ վարչապետի մասով. ասում են՝ Ձեր եւ վարչապետի նախկինում լավ հարաբերությունները վատացել են, սառել կամ նման բան:

– Ես ենթադրում եմ, որ այդ թեման դեռ կշահարկվի եւ մինչեւ այս տարվա մայիս ամիսը կմնա քննարկման առարկա: Ինձ համար ամբողջությամբ պարզ են շարժառիթները եւ թե ինչ խնդիր են դրանով փորձում լուծել: Ուղղակիորեն բոլորին ասեմ՝ իմ եւ վարչապետի հարաբերությունները փչացնելուն միտված ջանքերն անօգուտ են: Կարծում եմ՝ եւ վարչապետը, եւ ես ունենք բավարար քաղաքական հասունություն, որ այդ կարգի պրովոկացիոն, ստահոդ լուրերը չկարդանք կամ կարդալուց հետո բանի տեղ չդնենք:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031