Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ գաղափար չկա

Հունվար 17,2012 12:35

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը իր նախընտրական կայքում հանդես է եկել հոդվածով, որում գրեթե ուղիղ տեքստով մեղադրում է Արեւմուտքին ժողովրդավարությունը ներմուծելու մեջ: Ստացվում է, որ նրանք, ովքեր Ռուսաստանում պահանջում են բարեփոխումներ եւ, մասնավորապես, արդար ընտրություններ, «ապակառուցողական» ուժեր են, եւ օբյեկտիվորեն նրանց դաշնակիցներն են այն պետությունները, որոնք ժողովրդավարություն են ներմուծում ուժային, ռազմական մեթոդներով: Բացի այդ, նշում է Պուտինը, ժողովրդավարական սպասումներն էլ չեն արդարանում, եւ այդ գործընթացների բացասական հետեւանքներն ավելի շատ են: Այսինքն՝ թողեք, որ ես եւս 12 տարի իշխեմ, եթե չեք ուզում, որ Ռուսաստանն ընկնի Լիբիայի կամ Եգիպտոսի օրը: Նախ՝ չեմ պատկերացնում, որ որեւէ դրսի ուժ փորձի ժողովրդավարություն հաստատել Ռուսաստանում ռազմական ճանապարհով՝ դա կբերի համաշխարհային պատերազմի: Երկրորդ՝ հետխորհրդային երկրներում Արեւմուտքը երբեք չի ցուցաբերի նման ակտիվություն, եթե չտեսնի, որ հասարակության մեծ մասը հասունացել է փոփոխությունների համար: Կիրակի օրը, օրինակ, Ղազախստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում իշխող կուսակցությունը, պաշտոնական արդյունքներով, ստացել է ընտրողների թվի 80 տոկոսը: ԵԱՀԿ դիտորդները հայտարարեցին, որ ընտրությունները ժողովրդավարական չէին: Այդ հայտարարություններից այնկողմ եվրոպացիները Ղազախստանի «ներքին գործերին չեն խառնվի»: Որովհետեւ Ղազախստանում չկան ազդեցիկ ուժեր, որոնք ոչ թե խոսքով, այլ գործով են հակադրվում Նազարբաեւի ավտորիտար ռեժիմին եւ ժողովրդին առաջարկում հստակ, ընկալելի այլընտրանք: Վրաստանում Սաակաշվիլին այդպիսի այլընտրանք առաջարկեց. «Մենք պետք է դուրս գանք Ռուսաստանի ազդեցության ոլորտից, պիտի ձգտենք դառնալ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ, իսկ դրա համար պետք է զգալիորեն կրճատենք կոռուպցիան եւ նորմալ պայմաններ ստեղծենք մասնավոր բիզնեսի համար»: Ճիշտ է դա, թե սխալ, բայց այդ երկրի բնակիչների մեծամասնությունն ընկալեց այդ գաղափարը, հավատաց դրան, եւ դրանից հետո միայն Արեւմուտքը աջակցություն հայտնեց «նարնջագույն հեղափոխությանը»: Ռուսաստանում նման գաղափար այժմ չկա. լեգիտիմությունն ու ժողովրդավարացումը չեն կարող ոտքի կանգնեցնել ռուս ժողովրդին: Ընդդիմադիր շարժումն այնտեղ զարգանալու շանսեր ունի, իմ կարծիքով, միայն մի պայմանով՝ եթե հասարակությանն առաջարկի խիստ ազգայնական գաղափարներ: Բայց այդ դեպքում վստահ չեմ, որ Արեւմուտքն այդ շարժմանը կաջակցի: Խիստ կասկածում եմ նաեւ, որ ՌԴ-ում ծայրահեղ ազգայնական իշխանությունը մեզ՝ հայերիս համար ավելի ձեռնտու է, քան Պուտինի ավտորիտարիզմը:

ՌԴ վարչապետի հոդվածում կա մի դիտարկում, որը բավականին դիպուկ է: Խոսքն այն մասին է, որ «տապալողները», հեղափոխականները շատ արագ վերածվում են ինքնավստահ պարոնների, եւ հակառակը՝ վերջիններս հաճախ դարձյալ վերածվում են հեղափոխականների: Այդ գործընթացները տեղի են ունենում բոլորիս աչքի առաջ. փողոցային «գավրոշները»՝ տեղավորվելով փափուկ աթոռներում, դառնում են կայունության կողմնակից մեծ ու փոքր իշխանիկներ, եւ հակառակը՝ նրանք, ովքեր նախկինում ամեն ինչի տերուտիրականն էին, կորցնելով իրենց աթոռները, կրկին դառնում են փողոցներում արդարություն որոնող «գավրոշներ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031