Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկիչ գնդապետի գործով վկաներին դատարան բերման են ենթարկելու

Հունվար 17,2012 11:58

2010 թվականի դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի երկու բնակիչ դեղորայք էին տարել ընկերներից մեկի եղբորը, որը ծառայում էր Իջեւանի զորամասում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը, որը զայրացել էր նրանց այցից, երիտասարդներին «բերման» էր ենթարկել, հետո իր աշխատասենյակում Կարապետյանը երիտասարդներին ահաբեկել էր, ծեծել: Ահաբեկված տղաները ցատկել են նրա երկրորդ հարկում գտնվող աշխատասենյակի պատուհանից եւ արդյունքում 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք:

Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով` 20-ամյա Տարոն Ենգիբարյանը մահացել է:

Մամուլի բարձրացրած աղմուկից հետո՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, Սերգեյ Կարապետյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, հետո կալանավորվեց: Նրան ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

Սերգեյ Կարապետյանի հետ գործով մեղադրվում է նաեւ Իջեւանի զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանը:

Այս ամենի մասին անցած տարի գրել ենք մի քանի անգամ. «Առավոտ» 11 հունվար 2011. «Գետահովիտի դեպքը կարող էր կանխվել. զորամասի հրամանատարի ոտնձգություններից փախչելով՝ երիտասարդը մահացել է»՝, 12 հունվար 2011 «Գնդապետի բարոյական կերպարը»  8 փետրվար 2011 «Չարդախլուից չէ, Աթաբեկից է» :

Դեկտեմբերի 8-ից Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է սույն գործով դատավարությունը: Դատավոր Զոյա Զաքինյանից տեղեկացանք, որ կայացել են դատական մի քանի նիստեր, վերջինը՝ դեկտեմբերի 22-ին: Դատավորն ասաց, որ արդեն լսել են տուժողներին եւ նրանց ներկայացուցիչներին, վկաների հիմնական մասին: Վկաների մի մասը դատարան չի ներկայանում, ուստի դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում է կայացրել: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031