Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպե՞ս ենք զարգացնում հայագիտությունը

Հունվար 17,2012 11:21

Կառավարությունը հունվարի 12-ի նիստում հավանություն է տվել հայագիտության զարգացման հայեցակարգին, ոլորտի զարգացման 2012-2015 թթ. ռազմավարությանը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին՝ չհստակեցնելով առաջադրված նպատակների իրականացման մեխանիզմները եւ ամենակարեւորը՝ ֆինանսավորման աղբյուրները։

…  Խնդիրը նախեւառաջ «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարության ուղենիշերի եւ «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարության իրականացման միջոցառումների» ժամանակացույցի հեղհեղուկ բնույթի, մանավանդ այն կյանքի կոչելու մեխանիզմների անորոշությունն է։
Այսպես. առաջինում 23, երկրորդում՝ 21 կետերով առաջադրվել են ծավալուն ու ծախսատար խնդիրներ, որոնց լուծումը դրվել է ժամանակացույցի 5-րդ կետով նախատեսվող հայագիտական հետազոտությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի վրա։ Նման մոտեցումը, մեր կարծիքով, արդարացված չէ, քանզի հիմնադրամը դեռ չստեղծված՝ արդեն առաջարկվում են մեծ ծախսեր պահանջող բազմաթիվ կոնկրետ նպատակներ, այսինքն՝ սայլը հայտնվում է սելվորից առաջ։
Պատկերացնել միայն կարելի է թե ինչ ծախսեր է պահանջելու, օրինակ, ժամանակացույցի 2-րդ կետով նախատեսվող «Բանբեր հայագիտության» հնգալեզու պարբերականի ստեղծումը, որի դիմաց իբրեւ ֆինանսավորման աղբյուր նշված են պետական բյուջեն եւ արտաբյուջետային միջոցները։ Կամ էլ 21-րդ կետով նախատեսվող՝ «Օտարերկրյա պետություններում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտամշակութային միջոցառումների կազմակերպումը»։
Միաժամանակ կառավարության արձանագրային որոշմանը կցված՝ նրա ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքում նշվում է, որ այդ եւ 20-ից ավելի այլ նպատակների իրականացման պարագայում «պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի առաջանում»։ 
Միգուցե կառավարությունը դրա համար ունի այլ՝ մեզ անհա՞յտ միջոցներ։ Բայց եթե ունի, ապա ինչո՞ւ է մերժվել նույն փաստաթղթի մեկնաբանությանը կցված՝ ԳԱԱ-ի՝ «փող տալու» առաջարկություն-պահանջը։ Քանզի եթե նման պահանջի՝ աշխատավարձին վերաբերող հերթապահ կետը «այլ երաժշտություն է», ապա ի՞նչ արդյունք է տալու ասպիրանտական տեղերի ավելացումը, երբ ԳԱԱ-ի ներկայացրած դիտողություններում մատնանշվում է, որ «ասպիրանտական տեղերի ավելացումը ոչնչի չի հանգեցնի, քանի դեռ երիտասարդության մեջ ասպիրանտուրայում սովորելու ձգտում չկա»։
Ավելին՝ նախատեսվում է նաեւ հայագիտական ցանցի ընդլայնում եւ մեծածավալ գիտահրատարակչական գործունեություն… առանց կոնկրետ ու հստակ ֆինանսավորման։ Դիցուք, ինչպե՞ս է ապահովվելու որոշման 7-րդ կետը՝ «Գիտական ու գիտակրթական ենթակառուցվածքների արդիականացում Սյունիքի եւ Լոռու մարզերում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում հայագիտական կառույցների ստեղծում»։
Արդարադատության նախարարությունն իր հերթին՝ հունվարի 12-ին ընդունված փաստաթղթերի վերաբերյալ իր առաջարկությունների բաժնում հավելել է. «ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի 2-րդ կետով նախատեսված՝ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետներին վերաբերող դրույթներն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինս չի հանդիսանում իրավական ակտ, քանի որ արձանագրային որոշմամբ չեն սահմանվում պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ»։
Հարց է առաջանում. եթե փող չկա եւ հայտնի էլ չէ, թե երբ է լինելու, եւ հետո էլ՝ արդարադատության նախարարության կողմից հստակեցվել է, որ պետք է հանել որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետները, ապա ինչո՞ւ է ընդունվել «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարության իրականացման միջոցառումների» ժամանակացույցը։
Միգուցե նրա համար, որպեսզի այս որոշումն ու նրան կից փաստաթղթերը տեղադրենք կառավարության կայքէջում եւ վերնագրենք՝ «Հայագիտությունը պետության հոգածության առարկա է» հերթապահ արտահայտությամբ ու բավարարվենք դրանով։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031