Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտը զոհերի հարազատներին էլ չի լսել

Հունվար 17,2012 10:45


Քիչ առաջ ավարտվեց ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հանդիպումը, որին մասնակցել էին զոհերի ծնողներից վեցն ու նրանց շահերի ներկայացուցիչներ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Վահե Գրիգորյանը, թեեւ ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչությունից իրենց հորդորել էին ներկայանալ միայն 3-5 հոգով:

Հանդիպումից հետո զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանն Aravot.am-ին ասաց, թե շատ դժգոհ են հանդիպումից: «Հանդիպում խնդրելիս Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանն ասել էինք, որ եթե Ջոն Պրեսկոտը մեզ հետ չհանդիպի՝ մենք բողոքի ակցիա ենք անելու: Իմ անձնական կարծիքն այն է, որ դրա համար մեզ ընդունեցին, թե չէ չէին էլ հանդիպի: Պրոսկոտը 9:30-ին հանդիպում ուներ ՀՀ գլխավոր դատախազի հետ, եւ մեր հանդիպմանը հատկացվել էր ընդամենը  30 րոպե, որից էլ 5 րոպե ուշացումով մեզ ներս հրավիրեցին: Պրեսկոտը հանդիպման ժամանակ էլ անընդհատ ասում էր` ես ժամանակ չունեմ, ես ուզում եմ իմանալ` դուք ներգրավված եք քննությանը, թե` ոչ: Միակ բանը, որ կարողացանք ասել հենց այդ էր` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Մարտի 1»-ի գործի քննությանը նոր թափ հավաքելու հանձնարարականից հետո մենք ներգրավված չենք եղել այդ գործընթացին, եւ մեզ ոչ ոք ոչ չի հրավիրել: Երբ  սկսեց ավելի հաճախ ասել, թե ժամանակ չունի, ես ասացի, որ ընդամենը մեկ հարց ունեմ` դուք 4 տարվա մեջ այդ ի՞նչ լավ, դրական միտում եք տեսել գործի նախաքննության կամ սպանությունների բացահայտման մեջ, որ գնացել ու ձեր զեկույցում գրել եք, թե «Մարտի 1»-ի էջը կարելի է փակված համարել: Էդ իմ հարցին էլ նա չպատասխանեց»,- պատմեց տիկին Հովհաննիսյանը:

Նրա մատուցմամբ, համազեկուցողն ասել է, թե զոհերի հարազատները մի բան են ասում` իշխանությունները` այլ բան:

Խոսել է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` տիկին Ռուզանը, որը եւս ասաց, թե ինքն էլ անհաղորդ է նախաքննության ընթացքին, ինչին ի պատասխան Պրեսկոտը նկատել է, թե ՀՔԾ-ն պետք է, որ, գոնե,  զինվորի մորը հրավիրած լիներ եւ ներգրավվեր, տեղեկացներ քննության ընթացքի մասին:

Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը: Նա հայտարարել է, որ ՀՔԾ-ն իր հրապարակած վերջին զեկույցում էլ իր որդուն հանիրավի ներկայացրել է որպես հանցագործ, անկարգությունների մասնակից եւ հարցրել, թե` կարո՞ղ էր արդյոք մանկատնից երեխա վերցրած ու նրան 4 տարի դաստիարակող մարդը հանցագործ լինել: Կարծիք հայտնելու առիթ է գտել նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի կինը` տիկին Լիլիան:

«Բայց մենք բոլորս շատ կարճ ենք խոսել, չէր թողնում բան ասել: Մեր ներկայացուցիչներին թույլ չի տվել խոսել: Միայն Արտակ Զեյնալյանն է հասցրել ասել, թե մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են, բայց Պրեսկոտը նրան թույլ չտվեցին անգամ մի բառ շարունակել` ասելով, թե ինքը ժամանակ չունի: Ընդհանրապես երբեք էսպիսին չէր եղել, թույլ չէր տալիս, որ նախադասությունն ավարտին հասցնեինք, այն էլ, ինչ ասել ենք` երեսի զոռով ենք ասել»,- պատմեց Ալլա Հովհաննիսյանը:

Վերջինս, այնուամենայնիվ, մի դրական տպավորություն փոխանցեց. այն է` Պրեսկոտը ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ հաստատ բարձրացնելու է նախաքննության գործընթացին զոհերի իրավահաջորդների ներգրավելու հարցը: «Կարծում եմ, ՀՔԾն դրանից հետո մեզ ձեւական կհրավիրի, իսկ մնացածին մենք մեր ներկայացուցիչ փաստաբանների հետ պետք է կարողանանք հասնել: Սպասելիքներ չկա, ուղղակի պետք է բարձրաձայնենք մեր որդիների սպանությունները բացահայտված չլինելու մասին», – ասաց զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` հավելելով, որ որքան էլ զոհերի հարազատները հասկանան, որ այլեւս սպասելիքներ չունեն ո’չ համազեկուցողներից, ո’չ էլ իշխանություններից` նրանք իրենց ձեռքերը չեն լվա ու մի կողմ չեն քաշվի, այլ մինչեւ վերջ պայքարելու են իրենց զավակների սպանության հանգամանքների ու մեղավորներին բացահայտելու ու պատժելու ուղղվությամբ:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031