Հատված ՀՀԿ խմբակցության անդամների հետ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտի հանդիպման վերաբերյալ խորհրդարանի պաշտոնական կայքէջի հրապարակումից. «Պարոն Պրեսկոտը տեղեկացրեց, որ մյուս խմբակցությունների հետ արդեն քննարկվել է համամասնական ընտրակարգի վերաբերյալ հարցը: Նա առաջարկեց չքննարկել այդ հարցը, քանի որ Եվրախորհուրդը իր առջեւ խնդիր չի դրել զեկույց ներկայացնել ընտրակարգի վերաբերյալ: Ողջունելի է հնչած կարծիքների բազմազանությունը, որը նաեւ ժողովրդավարության դրսեւորում է, բայց նկատի ունենալով, որ մինչեւ առաջիկա ընտրությունները հնարավոր չէ հանրաքվե անել եւ փոփոխություններ կատարել, այդ հարցի քննարկումը իրատեսական չէ: Նա հավաստիացրեց, որ նոր Ընտրական օրենսգրքի եւ առաջիկա ընտրությունների վերաբերյալ լավատեսությունը շատ ավելի մեծ է, որը ՀՀ Նախագահի ջանքերի եւ խորհրդարանի կատարած աշխատանքի արդյունքն է: Կան բազմաթիվ փոփոխություններ, որոնց վերաբերյալ Եվրախորհուրդը իր գոհունակությունն է հայտնել:
Պարոն Պրեսկոտը խնդրեց պատգամավորներին ներկայացնել իրենց դիրքորոշումը ոստիկանության, դատաիրավական համակարգերի բարեփոխումների ընթացքի, կատարված աշխատանքների եւ մարտիմեկյան դեպքերի հետաքննության արդյունքների վերաբերյալ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրեց, որ պարոն Պրեսկոտի եւ իրենց գնահատականները համընկնում են»: