Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտ. 100 տոկոս «համամասնականին» անցնելը հեռանկարի խնդիր է

Հունվար 16,2012 21:55

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը այսօր, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումից հետո ասաց, թե բրիտանացի համազեկուցողին հետաքրքրել է ԵԽԽՎ հայտնի բանաձեւերի ուղղությամբ ՀՀ իշխանությունների քայլերի առնչությամբ ԲՀԿ-ի գնահատականը, մասնավորապես՝ այն հարցերի կապակցությամբ, որոնք համազեկուղոցներին մինչ այս չէին բավարարել: Խոսքը արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների, ոստիկանության գործողություններում եւ ոստիկանության պատասխանատվության չափի մեծացմանն ուղղված քայլերի, նաեւ ընտրությունների մասին է:

«Ես եւ Նաիրա Զոհրաբյանը, որպես՝ «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամներ ասացինք, որ տեղյակ ենք ընթացիկ զեկույցին, որը հրապարակվեց անցյալ տարի՝ կապված մարտիմեկյան իրադարձությունների հետո, եւ համաձայն ենք Պրեսկոտի հետ ու հասկանում ենք, որ դրա իմաստը ոչ այնքան կոնկրետ մեղավորներին բացահայտելն է, ինչն իրականում կարող է դժվար լինել, այլ ոստիկանության պատասխանատվության մեծացումն ու նման իրավիճակներում ոստիկանության կողմից ճիշտ որոշումներ ընդունելը»,- Պրեսկոտի հետ հանդիպման մանրամասները ներկայացրեց պատգամավորը:

Ըստ նրա, ԲՀԿ-ականները հիմա ավելի կարեւոր խնդիր են համարել խորհրդարանական առաջիկա ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելը. «Մասնավորապես ես ասացի, որ ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ուղղությամբ քաղաքական, նաեւ մեր կուսակցության՝ 2009թ. փետրվարի 19-ի համագումարից հետո հնչած հետեւողական հորդորների շնորհիվ, երկրում ծավալվեց քաղաքական երկխոսության գործընթաց, որը մասամբ լիցքաթափեց քաղաքական մթնոլորտը, եւ որի շնորհիվ այսօր իրավիճակը մեր երկրում բոլորովին այլ է, քան՝ 2008-ի մարտի 1-ից հետո էր: Սակայն, եթե այս գործընթացը չի ավարտվելու արդար, ազնիվ, նորմալ ընտրությունների անցկացումով, ապա այս գործընթացն իմաստ չուներ կամ անհետեւողական էր: Հետեւաբար, ես՝ որպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, պարոն Պրեսկոտին հայտարարեցի, որ իմ գլխավոր խնդիրն եմ համարում մոտակա ժամանակում այդ միջազգային կառույցը ներկայացնող առավելագույն թվով երկրներից առավելագույն թվով արդար, ազնվամիտ պատգամավորների հրավիրումը Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար»:

Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում «Մարտի 1»-ի դեպքերին կատարված անդրադարձին, ապա Արամ Սաֆարյանը հետեւյալը փոխանցեց. «Ես ասացի, որ ընդհանրապես մեր արդարադատության համակարգի եւ «Մարտի 1»-ի իրադարձություններին առնչվող մեր ակնկալիքներն ավելի մեծ ու հետեւողական ընթացք կստանան խորհրդարանական ընտրություններից հետո, եթե նրանք անցնեն ժողովրդի վստահության պայմաններում, եւ եթե ժողովուրդը վստահի այն իշխանություններին, որոնք կձեւավորվեն այդ ընտրությունների արդյունքում»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցին, ապա Արամ Սաֆարյանի մատուցմամբ, Պրեսկոտը խնդրել է դրա մասին չխոսել՝ հայտարարելով, որ հիմա՝ ընտրություններից ընդամենը 4 ամիս առաջ, խոսել թե այդ համակարգերից՝ մեծամասնական եւ համամասնական, ո՞րն է ճիշտ եւ ո՞րը՝ սխալ, անիմաստ է, որովհետեւ, համազեկուցողի դիտարկմամբ, այս ընթացքում քաղաքական ուժերը չեն հասցնի համապատասխան փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ (իսկ դրա մասին համազեկուցողի հետ հանդիպման ժամանակ ասել էին ՕԵԿ-ի պատգամավորները- խմբ.) եւ Ընտրական օրենսգրքում: Պրեսկոտը, ըստ Արամ Սաֆարյանի խնդրել էր՝ «դա ավելի մեծ հեռանկարի հարց է, եւ հիմա խնդրում ենք՝ մեզ հատկացված 30 րոպեի ընթացքում այդ մասին չխոսել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031