ՕԵԿ-ը սկզբունքորեն կողմ է խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններին, բայց այս պահին համարում է, որ դրա քննարկումը ժամանակավրեպ է: Այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջեն Պրեսկոտի հետ հանդիպմանն ասել են ՕԵԿ խմբակցության պատգամավորները:
Այս հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն Aravot.am-ին ասաց, «հաշված օրեր» հետո ընտրություններ են, եւ այսօր խոսել ընտրակարգը փոխելու մասին՝ ժամանակի տեսանկյունից անհեթեթ է թվում: Միաժամանակ շեշտեց, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու դեպքում նաեւ սահմանադրական փոփոխությունների, Ընտրական օրենսգրքի խնդիր է առաջանում, մինչեռ ԸՕ-ն ԱԺ-ում նոր է ընդունվել:
«Եթե մենք եւ քաղաքական այն ուժերը, որոնք այսօր դա պարտադրում են, կարողանայինք դա ժամանակին անել՝ շատ ավելի լավ կլիներ: Բայց այսօր, երբ ընտրություններին հաշված օրեր են մնացել՝ դա, կարծում եմ, իրականությունից հեռու է»,– հայտարարեց Բիշարյանը: Նա այս համատեքստում շեշտեց նաեւ այն հանգամանքը, թե բացառապես համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը ենթադրում է, որ քաղաքական ուժերն էլ դրան պատրաստ պիտի լինեն, որովհետեւ իրենց համամասնական ցուցակներում այդ դեպքում պետք է ընդգրկեն Հայաստանի բոլոր մարզերի ու տարածաշրջանների ներկայացուցիչ թեկնածուների: «Այդ ցուցակն ինչպե՞ս է ձեւավորվելու: Սա եւս հարց է, ու այդ առումով մենք գտնում ենք, որ այսօր ընտրություններից օրեր առաջ այդ խնդիրը լուծել անհնարին է, իսկ խոսել մի բանի մասին, որն անհնարին է՝ կարծում եմ, իմաստ չունի»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
ՕԵԿ-ական պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ 2008թ. «Մարտի 1»-ից հետո երկրում տեղի ունեցած բարեփոխումների հարցը: «Իհարկե, ցանկացածս ենք տեսնում, որ այսօր կա փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ: Խոսել ենք թե՛ Ընտրական օրենսգրքում, թե՛ դատական ու արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին՝ նշելով, որ բոլոր համակարգերում փոքրիկ առաջընթաց եղել է: Իհարկե, չենք ասում, թե բոլոր թերությունները վերացել են, ամեն ինչ շատ լավ է, բայց չենք կարող չնկատել, որ այդ համակարգերում փոփոխություններ կան, նաեւ մեր կարծիքն ենք ասել, որ այդ ուղղությամբ կատարելիք դեռ շատ աշխատանքներ կան»,- ասաց Բիշարյանը:
Կարդացեք նաև
Նրա մատուցմամբ, հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ «Մարտի 1»-ի դեպքերի արդյունքում 10 զոհերի սպանության հանգամանքների մասին: Մեր հարցին, թե ո՞րն է եղել ՕԵԿ-ի տեսակետն այդ հարցում եւ խմբակցությունն այդ դեպքերի առնչությամբ կատարված քննությունն ինչպե՞ս է գնահատել՝ Բիշարյանն ասաց, թե այդ մասին խոսել է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովում ՕԵԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, բայց թե ի՞նչ է խոսել՝ չմանրամասնեց:
Պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե՝ իր կարծիքով ԵԽԽՎ-ում Պրեսկոտի ներկայացնելիք հաջորդ զեկույցը նախորդների համեմատ արդյոք ավելի դրակա՞ն է լինելու, եւ արդյոք նա ԵԽԽՎ վերջին բանաձեւի կատարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների քայլերում դրական ազդակների մասին խոսել է, ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Այո, ինքը դրական տեղաշարժեր տեսնում էր: Ես իր հարցադրումներից եւ մեր զրույցից հասկացա, որ նրա կարծիքով էլ այսօր երկրում փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ կա,նկատի ունենալով 2008-ից հետո իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը՝ նա էլ համարում է, որ առաջընթաց կա: Ենթադրում եմ, որ առաջիկա զեկույցը ավելի լավը կլինի, քան՝ նախորդն էր»:
Չմոռանալով այս համատեքստում շեշտել իշխանություն-ՀԱԿ երկխոսության փորձառությունը, Բիշարյանը կարծիք հայտնեց, որ թեեւ այսօր այդ երկխոսությունն առկախված է, բայց «առաջիկա ընտրությունները ընդդիմադիր ուժին հնարավորություն կտան մտնել խորհրդարան եւ իրենց առաջադրած հարցերը վեր բարձրացնել եւ լուծել»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ