Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտը չսիրեց 100%-անոց համամասնական ընտրակարգը

Հունվար 16,2012 19:20



ՀՀ խորհրդարանում ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ մասնավորապես ՀՅԴ խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ, երբ դաշնակցական պատգամավորները կարեւորել են խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելու առաջարկն ու փորձել են դա հիմնավորել, Ջոն Պրեսկոտը փորձել է առարկել ու լռեցնել պատգամավորներին:

ՀՅԴ խմբակցության պատգամավորների մատուցմամբ, Պրեսկոտն ավելի հակված է եղել  չանդրադառնալ ԸՕ-ում դրա հետ կապված փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը, ինչը պատգամավորների կողմից ընկալվել է որպես «ընտրական գոյություն ունեցող համակարգի  պաշտպանություն եւ  կանխակալ մոտեցում»:

Ավելին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի մատուցմամբ, բանավեճը հանգել է նրան, որ համազեկուցող Պրեսկոտը խոստովանել է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն իր համար էլ ընդունելի չէ, որովհետեւ ժամանակին դա Մեծ Բրիտանիայում էլ է բանավեճերի առիթ դարձել, եւ, օրինակ, իր հարազատ կուսակցությունը՝ Հանրապետականը, խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուց հետո, ընտրությունների արդյունքում պարտություն է կրել եւ կորցրել է իշխանությունը: «Եթե Պրեսկոտի առաքելությունը  չունի այն գիտակցումը, որ մեր երկրի  խաղաղությունը, կայունությունը եւ քաղաքական, տնտեսական ու սոցիալական հեռանկարը պայմանավորված են  միմիայն  ազատ եւ արդար ընտրությունների անցկացմամբ, իսկ նա Հայաստան է եկել, երբ այդ ընտրություններին  մնացել է 3-4 ամիս՝ ապա ես խորապես կասկածում եմ այս առաքելությանը: Նշանակում է՝ սա հերթական առաքելություն է, որը կոսմետիկ բնույթ է կրում, որովհետեւ չկար ընկալումը՝ հասկանալու, որ «Մարտի 1»-ը պայմանավորված էր հենց խեղված ընտրություններով»,- Պրեսկոտի հետ հանդիպումից հետո ասաց Լիլիթ Գալստյանը:

Նրա համոզմամբ, իշխանություններն այսօր էլ պատրաստ չեն արդար ընտրություններ անցկացնելու մասին իրենց խոստումները կատարել, ուստի՝   ՀՅԴ-ն պնդում է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, որը, կուսակցության դիտանկյունից,  գոնե, հնարավորություն կտա խուսափել նոր առճակատումներից եւ «չունենալ անհանգիստ փողոց»: «Ես ասացի, որ սա ոչ թե մեր կուսակցական ամիբիցիան է, այլ պայմանավորված է երկրի խաղաղ, կայուն եւ սոցիալական համերաշխության հեռանկարով: Նա էլ ասում է՝ գնացեք, իրար (իշխանության) հետ լեզու գտեք, ես ոչինչ չունեմ ասելու: Ես չեմ սիրում համամասնական  ընտրակարգը»,- Պրեսկոտի տեսակետը փոխանցեց պատգամավորը՝ հավելելով, թե դիվանագիտական  նրբանկատությունը պահանջում էր, որ Պրեսկոտը, գոնե զսպվածություն ցուցաբերեր եւ իր անձնական նախասիրությունը չհրապարակեր ու «իր անձնական ճաշակի մասին  չբարձրաձայներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031