Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ականների եւ Պրեսկոտի հանդիպումն անցել է անըմբռնելիության մթնոլորտում

Հունվար 16,2012 18:53

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի եւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորների հանդիպումն անցել է փոխադարձ անըմբռնելիության մթնոլորտում: Այդ մասին հանդիպումից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասացին ՀՅԴ-ական պատգամավորները: Հանդիպումից հատկապես վրդովված դուրս եկավ Արծվիկ Մինասյանը:

«Մենք ներկայացրինք մեր  դիրքորոշումը Ընտրական օրենսգրքի եւ առաջիկա ընտրությունների վերաբերյալ, բայց, ցավոք, պարոն Պրեսկոտն ավելի շատ հակված էր խոսել  2008թ. «Մարտի 1»-ի դեպքերի հետեւանքների եւ դրանից հետո երկրի դատական համակարգի ու ոստիկանության բարեփոխումների, դրանց համարժեքության մասին: Սակայն մեր դիրքորոշումն այն էր, որ  չի կարելի խոսել մարտիմեկյան դեպքերի մասին՝ առանց  խոսելու դրա դրդապատճառների մասին: Խոսքը ոչ արդար ընտրությունների մասին է: Մեր տեսակետն այն է, որ եթե ուզում ենք խուսափել նոր «Մարտի 1»-ից, բախումներից ու զոհերից, ապա  պետք է հնարավորություն ունենանք խաղաղ ճանապարհով եւ արդար ընտրությունների միջոցով ձեւավորել իշխանափոխության մեխանիզմներ: Եթե եվրոպացի մեր գործընկերներն այդ կապը չեն տեսնում, ապա, դա մեղմ ասած՝ տարօրինակ է»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Նռանյանը:

Վերջինիս ասելով, ի պատասխան Պրեսկոտի սահմանած հարցերի շրջանակի, պատգամավորները նրան հասկացնել են տվել, որ իր մատնանշած ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ գնահատականն այն է, որ դրանք բավարար չեն, եւ  շատ բաներ ձեւական բնույթ են կրում: «Մենք նաեւ ասացինք, որ ուզում ենք խուսափել նոր «մարտիմեկերից» , եւ դրա համար պետք է նոր ընտրություններն անցկացնենք  նոր մեխանիզմով՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգով»,- Պրեսկոտի հետ հանդիպման մանրամասները ներկայացնելով ասաց Նռանյանը՝ միաժամանակ հավելելով, որ գոյություն ունեցող ընտրական մեխանիզմը չի բացառում ընտրակեղծիքների ու նոր «Մարտի 1»-ի կրկնությունը, մինչդեռ Պրեսկոտը հայտարարել է, թե ինքն ընտրությունների հետ գործ չունի: Այս հայտարարությունը ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների մոտ տարակուսանք է առաջացրել՝ նկատի ունենալով, այն, որ համազեկուցողը Հայաստան է ժամանել ընտրությունների շեմին եւ հրաժարվում է քննարկել դրան առնչվող կոնկրետ հարցեր:

Հանդիպման ընթացքում համազեկուցողին է փոխանցվել նաեւ ՀՅԴ ԳՄ-ի առաջարկը՝ առաջիկա ընտրությունները դիտարկել ավելի մեծ թվով դիտորդական կազմով եւ  ոչ թե տեղամասից- տեղամաս շրջել, այլ ընտրել կոնկրետ  ընտրական տեղամասեր եւ  վերահսկել այդ տեղամասերում ընտրական ողջ գործընթացը՝ տեղամասի բացումից սկսած՝ մինչեւ ձայների հաշվարկը, ավելի լավ պատկերացում կազմելու համար այդ ընտրությունների կամ դրանց ընթացքում օրինախախտումների, ընտրությունների վրա դրանց ազդեցության աստիճանի մասին:

ՀՅԴ-ի պատգամավորները կարեւորել են նաեւ վստահված անձանց իրավունքների եւ ընտրացուցակների եւ քվեարկողների հաշվառումը զուգահեռ տանելու անհրաժեշտությունը: Երբ Պրեսկոտը նկատել է, թե դա կարող է խոչընդոտել ընտրական գործընթացի բնականոն ընթացքին, դաշնակցական պատգամավորները դրա հետ մասամբ համաձայնելով հանդերձ հիշեցրել են, որ  դրա լավագույն մեխանիզմը խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել էր եւ հիմա էլ շարունակում է պնդել՝ հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը, որին, սակայն, ԱԺ մեծամասնությունը դեմ է:

Այս առաջարկին Պրեսկոտը որեւէ կերպ չի արձագանքել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031