Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարան գյուղի մասին. «Որ ուզենանք էլ՝ չենք կարող հիմա քանդել» (Տեսանյութ)

Հունվար 16,2012 18:28

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Առավոտին» ցույց տվեց կոմբինատի աշխատողների աշխատավարձերի ցուցակը: Բանվորների աշխատավարձերը հասնում էին մինչեւ 6-7 հարյուր հազար դրամի: Ամենացածր աշխատավարձը հավաքարարներինն էր՝ 55 հազար դրամ:

Նաեւ ներկայացրեց մի գրաֆիկ, որում երեւում էր, թե որքան սրընթաց են աճել կոմբինատի եկամուտները՝ 2005-ից առայսօր.«Նայեք` սա իմ աշխատանքի արդյունքն է՝ Սովետական Միության վերացումից հետո, եւ ուզում ենք ավելի բարձրացնել, իսկ մեզ վարկաբեկում են»: «Բայց, չէ՞ որ դա  դուք ձեր բիզնեսն եք մեծացնում»,-մեր այս հարցին ի պատասխան Հայաստանի Հանրապետության թիվ 1 հարկատուի՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրենը պատասխանեց. «Ես չէի ասի՝ մենակ մեր բիզնեսն է: Այս տարի միայն 31,1 միլիարդ դրամ բյուջեին ենք փոխանցել: 3,650 մլրդ դրամի սոցիալական ծրագրեր ենք իրականացրել: Առողջապահական, կրթական, մշակութային, ինչ ծրագրեր ասես, որ չենք արել՝ աջակցել ենք Մատենադարանին, Երեւանի քաղաքապետարանին, ՊՆ տարբեր զորամասերի, էլ որն ասեմ, էլ որը…»;

«Բայց մեծացնելով ձեր բիզնեսը՝ դուք սերունդներին բան չեք թողնի, բավարարվեք եղածով»,-այս դիտարկմանն ի պատասխան՝ Մաքսիմ Հակոբյանն ասաց.«Ձեզ մի բան ասեմ՝ երբ պարզվեց, որ մոլիբդենը քիչ է, գիտնականները սկսեցինք աշխատել քրոմի ուղղությամբ, որ քրոմն օգտագործեն այնտեղ, որտեղ մոլիբդենն են օգտագործում: Օրինակ, տարբեր մեքենաների մեջ մի ժամանակ լրիվ մետաղական մասեր էին, հիմա՝ պլաստմասա է: Ի՞նչ գիտեք,որ մի 30-40 տարի հետո մոլիբդենը օգտագործող է լինելու: Իսկ հիմա մեր բյուջեին գումարներ են պետք»: «Ուզում եք ասել, որ անպայման մեծացնելո՞ւ եք հանքարդյունահանումը»: «Հողագնդի վրա մոտ 8% մոլիբդենի պաշարները Հայաստանում են գտնվում, դրա գերակշռող մասը՝ Քաջարանում, դրա գերակշռող մասը` էդ գյուղի տարածքում: Կա գյուղ, կա գյուղի տարածք՝ դրանք տարբեր բաներ են: Հիմի էդ ձեռնարկությունը, որ 1949 թվականին պատահական չեն կոչել Քաջարան` գյուղի անունով, տարածքի անունով, 1951 թվականին, որ սկսել ա աշխատելը, 7 տեղամաս է եղել, սկսել են մի տեղամասից: Էդ ընթացքում Քաջարան գյուղը որպես գյուղ վերացել է, 56 թվականին դառել է Քաջարան բանավան: Օղչի գյուղ ենք ունեցել, վերեւը Ատկըզ ադրբեջանական գյուղ կար,մեր գյուղը` Հանդը եւ այլն, դրանք բոլորն էլ տեղափոխվեցին: Մեր գյուղը քանդվեց, ավիրվեց, լրիվ տեղափոխվեց, ոչ մեկը մի բան չի ասում, իրենք ձենները գցել են: Ախպերը գողության ա արել, ինքը ասում ա` իրա բաժին փայն ա տարել: Ու էդ մարդը խոսում ա հայրենիքը հասկանալու իր եւ մեր տեսակի մասի՞ն»:

 «Հիմա գյուղը ավիրո՞ւմ եք, թե՞ չէ» հարցին ի պատասխան էլ ասաց. «Մի ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով մեկ տարածվեց, որ հողը քո սեփականությունն ա, նրա տակի ընդերքն էլ հետը: Ու մարդիկ՝ կեսը հասկանալով, կեսը չհասկանալով, հողը վերցնում էին, 99 տարով պայմանագիր էին կապում` արոտավայր, վարելահող, կամ չգիտեմ թե ինչ, հետո էլ մտքներին դնում էին ծախեին: Ես որ հետաքրքրվեցի, իմացա, որ Քաջարան գյուղում տենց բան կա, հանրապետության նախագահին ասեցի,  խնդրեցի ,որ գերակա շահ ճանաչեն, որ էդ մարդիկ իրավունք չունենան օտարելու: Թե չէ կստացվի, որ ինչ-որ մի գյուղապետ, վերցնում է,ու Հայաստանի հանքերը ծախում: Ես էլ առաջարկեցի, առաջարկել եմ, ու հիմա էլ առաջարկում եմ՝ թող դա ես վճարեմ, ձեւակերպումները փաստաթղթերով անեմ, ինչ ուզում են՝ անենք, ինչ ցանկանում են՝ անենք, իրանք էլ թող ապրեն, ինչքան ուզում են ապրեն»:

«Այսինքն՝ չե՞ք ուզում գյուղը քանդել»: «Որ ուզենանք  էլ՝ չենք կարող հիմա քանդել, դա փողերի, ծավալների, մեծ գործերի հետ է կապված»: «Ուղղակի ուզում եք սեփականաշնորհե՞լ»: «Դա սեփականություն չի: Եթե առնում էլ ենք,  դա չի դառնում մեր սեփականությունը, մենք հետ ենք տալիս պետությանը, նորից պայմանագրով հետ ենք վերցնում՝ մշակման ժամանակաշրջանի տարիներով` կառուցապատման իրավունքով, մենք իրավունք չունենք մեր սեփականությունը լինի: Ուղղակի այնպես պիտի անենք, որ չվերցնեն էդ հողերը տան ուրիշին»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031