Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խանութամոլները հաճախ իրենք իրենց են խոսք տալիս, որ դա վերջին աննպատակ առևտուրն է. Շոպոգոլիկների մասին

Հունվար 16,2012 18:11

Եթե վերջին ժամանակներս ձեր տանը հայտնվել են բազմազան անպետքական իրեր,  եթե նայում եք խանութի ցուցափեղկերին դրված ապրանքներին եւ  ձեզ աշխարհի ամենաերջանիկն զգում, խնդիրը պարզ է` դուք շոպոգոլիկ եք կամ առևտրամոլ:

«Շոպոգոլիզմը զարգանում է հիմնականում կանանց մոտ` անուշադրության պակասի, միայնության կամ դատարկության զգացումից, սիրված լինելու ցանկությունից»,-մեկնաբանում է հոգեբան Նառա Հովսեփյանը:

Առեւտրամոլությունը նոր ձեւավորվող հիվանդություն է, որը տարածվել է սուպերմարկետների և զեղչերի առաջացման հետեւանքով: «Անտարբեր չեմ կարողանում անցնել ոչ մի խանութի կողքով: Լինի դա մթերային, հագուստի, թե մեկ այլ խանութ: Պետք է մտնեմ, շրջեմ, հիանամ և ինչ-որ կարող եմ, գնեմ»,-անկեղծանում է 30-ամյա տնային տնտեսուհի Հերմինեն:

«Այս երևույթի սիմպտոմները շատ պարզ են: Ցանկացած մարդ, ով աննպատակ մտնում է խանութ և միանգամից մոռանում է հոգնածությունը, իր խնդիրները, զննում է խանութի բոլոր ապրանքները, գնում է ոչ անհրաժեշտ իրեր և միշտ խոսում առևտրից` նա շոպոգոլիկ է»,-բացատրում է հոգեբան Նառա Հովսեփյանը:

Առևտրամոլությունը նման է ալկոհոլիզմին, խաղամոլությանը, երբ մարդը, ով տառապում է այդ հիվանդությամբ կարող է ամբողջովին կորցնել հսկողությունը իր նկատմամբ և «քամուն տալ» ամբողջ ընտանեկան բյուջեն:

Երևանի կենտրոնական խանութներից մեկի վաճառողուհի Նարինան միշտ  ընկերներին պատմում է մի կնոջ մասին. «Ամեն շաբաթ, մոտ 40 տարեկան մի կին /անունը չի նշում/ գալիս է մեր խանութ և գնում նույն կամ նույնանման վերնաշապիկ: Այդպես մոտ 2-3 ամիս: Դե սկզբում մտածում էինք, որ պետք են իրեն, բայց մի անգամ դստեր հետ էր եկել, ով մեզ ասաց, որ իր մայրը ընդամենը հաճույք է ստանում այդ վերնաշապիկները գնելուց, որոնք, ի դեպ, բավականին թանկարժեք են»:

«Ապացուցված է, որ առեւտրամոլ դառնում են այն մարդիկ, ովքեր ադրենալինի, սերոնոինի /օրգանիզմում լավ տրամադրության «պատասխանատու» հորմոն/ պակաս ունեն, որն էլ դեպրեսիա է առաջացնում: Գնումները հանգստացնում են նյարդերը, բարձրացնում են ինքնագնահատականը, և մարդն իրեն լիակատար ազատ է զգում»,-ասում է  հոգեբանը:

«Երբ ես մտնում եմ խանութ, հատկապես մթերային, աշխարհը կարծես սկսում է պտտվել շուրջս: Նայում եմ տեսակ-տեսակ գունավոր, հրապուրիչ տուփերին և միանգամից անձնատուր եմ լինում առեւտրին ու լիքը զամբյուղով դուրս եմ գալիս այդտեղից»,-պատմում է 27-ամյա լեզվաբան Լիլիթը:

Հոգեբանները առանձնացնում են շոպոգոլիկների տեսակներ` գիտակից, իրական, կոլեկցիոններներ: Գիտակից շոպոգոլիկներ ենք մենք բոլորս, քանի որ ժամանակակից աշխարհում առանց գնումներ կատարելու մենք ոչ մի կերպ չենք կարող ապրել, իսկ «իսկական շոպոգոլիկների համար խանութը կյանքի մի նոր իմաստ է, հրաշքների երկիր: Մարդիկ, ովքեր ինքնաարժեւորման  խնդիր ունեն, այստեղ գտնում են իրենց հանգստությունը: Նրանք խանութի դրամարկղում թողնում են իրենց դրամապանակի ամբողջ գումարը և բավարարված դուրս գալիս»,-բացատրում է Նառա Հովսեփյանը: Կան նաեւ առեւտրամոլ-կոլեկցիոներներ, ովքեր գնում են զուտ այն ապրանքը, որը կլրացնի իրենց հավաքածուն:

Առևտրամոլուհիների մեծաքանակ լինելը բացատրվում է նրանով, որ կանացի օրգանիզմը ավելի զգայուն է սերոնոինի մակարդակի իջեցմանը: Բայց դա չի նշանակում, որ տղամարդը չի դառնում շոպոգոլիկ: Կինը ձգվում է դեպի հագուստը, կոշիկը, սնունդը, զարդարանքները, իսկ տղամարդիկ «հիվանդանում են» ավտոմեքենաների աքսեսուրաներից մինչև համակարգչային, բջջային աքսեսուարների գնումներով:

«Մեր խանութ մտնող ավտոմեքենաների զարդարանքի համար նախատեսված ապրանքները հիմնականում գնում են 23-35 տարեկան տղամարդիկ: Նրանց, երբ նայում ես առևտուր անելիս, տեսնում ես, թե իրենք այդ պահին որքան բավարարված են, ու, եթե առաջին անգամ մի մանրուք են գնում, հիմնականում գալիս են նաև ուրիշների ետևից»,-ասում է ավտոպահեստամասերի խանութի գանձապահ Թագուհին:

Խանութամոլները հաճախ իրենք իրենց են խոսք տալիս, որ դա վերջին աննպատակ առևտուրն է, փորձում են պայքարել իրենց դեմ: Այս հիվանդությւոնը վտանգավոր է այնքան, որ բացի ֆինանսների վատնումից, հասցնում է ընտանիքների քայքայման: Այս մարդկանց ձեռքերը «այրվում են» մի նոր իր գնելու ցանկությունից: «Առեւտրամոլության դեմ պայքարելու համար առաջին հերթին հիվանդը պետք է ընդունի, որ ինքը շոպոգոլիկ է: Փորձեք 2-3 շաբաթ խանութ դուրս չգաք, ձեզ դուր եկած ապրանքը միանգամից մի գնեք, այլ մի փոքր մտածեք. գուցե այն ձեզ պետք չէ: Կազմեք առեւտրի ցուցակներ: Ու մի շատ կարեւոր հանգամանք. առևտրի դուրս եկեք կուշտ, քանի որ  քաղցած մարդը կարող է ավելի շատ անպետք իրեր գնել: Հիշեք շոպոգոլիզմը բուժվում է, իսկ շոպոգոլիկը կարող է օգնել ինքն իրեն` սովորելով տարբերել ցանկալին օգտակարից»,-խորհուրդ է տալիս Նառա Հովսեփյանը:

Շոպոգոլիկներին խորհուրդ է տրվում խանութ գնալիս ընտրել ճիշտ ուղեկից, ով կդառնա նաեւ ճիշտ խորհրդատու, ով պետք է հիշի, որ առեւտրահարբեցողներին դուր է գալիս ոչ թե գնած ապրանքը, այլ առևտուր կատարելու պրոցեսը:

Նաիրա Վերդյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031