Այսօրվանից` հունվարի 16-ից, Երևան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը:
Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով և արագաչափ սարքերով:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ իրավախախտում կատարած վարորդներն այսուհետև ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության www.police.am ինտերնետային կայքի«Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը նշվելու է կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա:
Ոստիկանությունը բոլոր վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: