Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտն ընդդիմադիրներին լսելու ցանկություն չի ունեցել

Հունվար 16,2012 16:44

Երկօրյա այցով Երեւանում գտնվող ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն այսօր «Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, ըստ այդ հանդիպմանը մասնակցած Զարուհի Փոստանջյանի՝ հայտարարել է, թե ինքը Հայաստան է եկել դիտարկելու բացառապես այսօր առկա իրավիճակը եւ փաստեր հավաքել միայն դրա առնչությամբ, եւ հրաժարվել է խոսել առաջիկա ընտրությունների մասին, նաեւ հայտարարել, թե չի ուզում անդրադառնալ 2008-ի դեպքերի մանրամասներին՝ հրաժարվելով լսել ընդդիմադիր պատգամավորներին։ «Իհարկե, մենք նրան շտկեցինք՝ ասելով, որ ծանոթ ենք նրա՝որպես համազեկուցողի, առաքելությանն ու մանդատին եւ, որ նրա առաքելությունն առնչվում է ավելի լայն խնդիրների, քան զուտ այսօրվա իրավիճակն է, որովհետեւ այսօրվա իրավիճակը բխում է երեկ ստեղծված իրավիճակից, եւ ներկայացրինք նաեւ վերջերս ոստիկանական ուժերի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների մասին փաստաթուղթ, որը վերաբերում էր մասնավորապես Վարդգես Գասպարիի, Լալա Ասլիկյանի նկատմամբ ուժի կիրառմանն ու հետապնդումներին, նաեւ հայրենիքի դավաճանության մեջ մեղադրված Գեւորգ Հայրապետյանի գործին, խոսեցինք արդարադատության մատչելիության խնդրի մասին»,- ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը։

Ստեփան Սաֆարյանի մատուցմամբ էլ, «Ժառանգության» ներկայացուցիչներն, այդուամենայնիվ, Պրեսկոտին նամակ են փոխանցել, որը հատուկ նրա համար են պատրաստած եղել։ «Այդ նամակում ոչ միայն հիմնավորված էր համամասնական ընտրակարգին անցնելու մեր փաստարկներն ու դրա անհրաժեշտությունն ապագա ընտրությունների արդարության եւ հավասար մրցակցային դաշտ ապահովելու համար, այլեւ հիմնավորել էինք, որ դա ԵԽԽՎ վերջին բանաձեւի պահանջն է, նաեւ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳի ցանկությունն է, որպեզի Ընտրական օրենսգիրքը եւս մեկ անգամ բարեփոխվի։ «Ժառանգությունը» տրամադրել է բոլոր փաստաթղթերը՝ հավելելով, թե դրա ընդունումը ԵԽԽՎի կողմից, նպաստելու է, որպեսզի կառավարության եւ ընդդիմության միջեւ այս հարցում ձեռքբերվի համաձայնություն»,– ասաց Սաֆարյանը։
Պրեսկոտը, խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի ներկայացմամբ, ասել է, թե իր կողմից ներկայացվելիք թե՛ զեկույցում եւ թե՛ իր մյուս հանդիպումներում՝ մասնավորապես նաեւ իշխանության ներկայացուցիչների հետ, ինքը կասի, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքում խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու համատեքստում, ականատես է եղել քաղաքական ուժերի միջեւ աննախադեպ համերաշխության, բայց իր կողմից որեւէ դիրքորոշում չի հայտնի։ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիմնավորել է, թե ինչու է դա անհրաժեշտ եւ ինչ նշանակություն ունի առաջիկա ընտրությունների նկատմամբ հանրային վստահություն վերականգնելու առումով։ «Մարտի 1»-ի հետ կապված, Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը ներկայացրել են ՀՔԾ զեկույցի վերաբերյալ իրենց գնահատականները՝ նշելով, որ դա որեւէ կերպ չի պատասխանել անպատասխան մնացած հարցերին եւ որեւէ կերպ չի կարող կանխել ապագայում նման դեպքերի կրկնությունը, եւ նաեւ կրկնությունն էր 2008-ի մարտի 4-ին ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը, որն առաջին պաշտոնական որոշումն էր եղել մարտիմեկյան դեպքերի հետ կապված, եւ որ կարիք էլ չկար այդ միջնորդության չորս էջը դարձնել ավելի քան 100 էջ։
«Հիշեցրինք նաեւ, որ Փաստահավաք խմբի արած բացահայտումներն ավելի մեծ վստահություն էին վայելում հանրության շրջանում, քան իշխանական օղակների որեւէ այլ զեկույց կամ վերլուծություն։ Նշեցինք նաեւ, որ այդ զեկույցը չի կարողացել ոչ միայն լուծել իր առջեւ դրված խնդիրը, այլեւ փորձել է փչացնել Փաստահավաք խմբի ձեռքբերած ապացույցները»,- ներկայացրեց Սաֆարյանը՝ հավելելով, որ Պրեսկոտն իրենց լսելու ցանկություն առանձնապես չի ունեցել եւ ընդդիմացել է, հրաժարվել է վերցնել ներկայացված փաստաթղթերը, բայց ԵԽԽՎ-ում քարտուղարության ներկայացուցիչ Բաս Քլայնի միջամտությունից հետո, ստիպված է եղել վերցնել իրեն ներկայացված փաստաթղթերը։
Սպասվում է, որ ՀՀ հարցով ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցը կներկայացվի մինչեւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները՝ ենթադրաբար մարտ ամսին։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031