Վերջերս «Դալան» արվեստի սրահում բացվել է գեղանկարիչ-քանդակագործ Արամ Հունանյանի «Իմ հրեշտակները» խորագրով անհատական ցուցահանդեսը:
« 20 տարի է՝ զբաղվում եմ կավից քանդակներ պատրաստելով, կավը ավելի շատ ժամանակ է ինձնից խլում, ու չեմ կարողանում գեղանկարչությամբ զբաղվել: Կավի հետ աշխատելիս չեմ զգում՝ ինչպե՞ս է ժամանակն անցնում: Երբ դիպչում եմ կավին, ետ կանգնել չեմ կարողանում: Կավը ջերմություն ունի իր մեջ, մարդկային ջերմություն, ինչն ամենաթանկն է: Սկզբում կարծում էի, թե արագ աշխատելով արդյունքի կհասնեմ, բայց հիմա հասկացել եմ՝ արդյունքը ինձ բավարարում է միայն այն ժամանակ, երբ երկար ու ճիշտ եմ աշխատում: Կավը վառարան դնելուց առաջ մտածում եմ՝ արդյոք որոշ ժամանակ անց այնտեղից դուրս կգա այն, ինչին սպասում եմ, հաճախ արդյունքը անակնկալի է բերում ինձ՝ լինում է ավելի լավ, քան իմ պատկերացրածն էր: Երկու տարի զբաղված եմ «Հրեշտակներ» նախագծով, չգիտեմ՝ ինչու եմ անում… Իմ հրեշտակներին նմանեցնում են եւ հայկական, եւ սլավոնական կերպարների, բայց միտումնավոր բան չկա, ստացվում է այն, ինչ զգում եմ, ես չեմ միջամտում, պրոցեսը ինչպես գնում է, այնպես էլ ստացվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է արվեստագետը:
Այնուհետեւ հավելում է. «Ես երկու աղջիկ ունեմ, նրանք էլ իմ հրեշտակներն են: Իմ ամենամեծ քննադատները դուստրերս են, մանավանդ փոքրը, նա միշտ դիտողություն է անում. «Պապ, միայն հրեշտակներ մի արա, ուրիշ բան էլ արա, էլի… Իմ առաջին ուսուցիչը պապս է եղել, 7 տարեկանում Կարսից գաղթել է Լենինական` արվեստների ու արհեստների քաղաք, սովորել է, զբաղվել է քանդակագործությամբ ու փայտե իրեր պատրաստելով: Բոլոր լավ գործիքները պահպանվել են եւ հասել ինձ, դրանց վրա եմ սովորել ու պահում եմ մինչ այսօր»:
Կարդացեք նաև
Արամ Հունանյանն իրեն ամաչկոտ մարդ է համարում. «Ես շատ ամաչկոտ եմ եւ ինձ հաճելի է, երբ իմ գործերով հիանում են, բայց ես հաճախ մնում եմ ստվերում, իմ դեմքը չի երեւում: 1997թ.-ից մասնակցում եմ խմբակային ցուցահանդեսների, 2010թ.-ին անհատական ցուցահանդես ունեցա Ֆրանսիայում, այնտեղ ինձ ընդունեցին շատ ջերմ, ես չէի ել սպասում, ավելի ջերմ, քան այստեղ: Ֆրանսիացիները ոգեւորված էին, նույնիսկ կազմակերպեցինք հայկական երեկո, ավանդական տոլմայով, որ իմ ձեռքերով էի փաթաթել եւ ջերմ ընդունելությունը ինձ անչափ ոգեշնչեց»:
Արամ Հունանյանն ասում է, որ 1995թ.-ից իր գնորդները միայն տեղացիներն էին, իսկ ներկայումս՝ միայն արտասահմանցիներ: Արվեստագետն աշխատում է օրական 24 ժամ. «Արվեստանոցումս լսում եմ դասական երաժշտություն եւ մտքիս եկածը հանձնում կավին… Հրեշտակներս էլ թեւավոր սուրհանդակներն են, որ շրջում են ամբողջ աշխարհով մեկ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ