Երեւանի որոշ դպրոցներում տեսախցիկներ են տեղադրված: Ստացվում է, որ ուսուցիչներն ու աշակերտները այլեւս հսկողության տակ են:
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը դրանում վատ բան չի տեսնում, մանավանդ, որ դպրոցի բյուջեից չեն ծախսերն արվել: Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ ավարտելու 30-ամյակի առիթով հավաքվել են դպրոցի շրջանավարտները, առաջարկել 1 մլն դրամի սահմաններում ինչ-որ նվեր անել, տնօրենն էլ չի ցանկացել գումարը վերցնել, հուշել է՝ տեսախցիկներ գնել:
Հայկազ Նավասարդյանը կոնկրետ իրենց դպրոցում 8 տեսախցիկների գոյությունն արդարացված է համարում՝ օլիմպիադաների, քննությունների թափանցիկության առումով : Նրա խոսքով, դա երեխաներին զգոնացնող միջոց է. «Տաղանդավոր երեխաների թիվը շատացել է, բայց դրա հետ մեկտեղ այլ խնդիրներ կան՝ փողոցային եւ սերիալական տրամադրությունները, գռեհիկ խոսակցական լեզուն մտել է հեռուստատեսություն եւ բնականաբար նաեւ դպրոց, իսկ տեսախցիկներն ընդամենը հսկելու միջոց են: Բայց այնպես չի, որ ամբողջ օրը նստած նայում ենք, թե ով ինչ է անում»:
Քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է տեսախցիկներ տեղադրելու իմաստը, չէ՞ որ դրանք հավելյալ ծախսեր են առանց այն էլ ճոխ բյուջեներ չունեցող դպրոցների համար: Տիկին Աչոյանը հարցն այսպես մեկնաբանեց. «Ժամանակակից երեւույթ է, ինչո՞ւ չունենան, եթե դրա հնարավորությունը կա: Ոչ ոք չի պատրադրել, ոչ ոք չի պահանջել… Դպրոցներն ունեն իրենց բյուջեն եւ այդ բյուջեն տնօրինելու իրավունք՝ խորհրդի համաձայնությամբ»,-պատասխանեց պետի տեղակալը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ