Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասուլիսում մանրամասն ներկայացրեց, թե 2011-ին ինչ ձեռքբերումներ են ունեցել արտաքին հարաբերություններում` նշելով նոր թափ ստացած Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ գործընկերությունից մինչեւ Սոչիում մարտի 5-ին ընդունված հայտարարությունը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը եւ այլն:
Հարցին` կասե՞ք գոնե մեկ բացթողում կամ ձախողում, որ եղել է 2011-ին մեր արտաքին քաղաքականության մեջ` նախարարը պատասխանեց. «Իհարկե, եթե մենք հասնենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման, դա կլինի իսկապես շատ լուրջ ձեռքբերում, եթե այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել եւ միջազգային հանրության մոտեցումներն այսօր համահունչ են Հայաստանի դիրքորոշումներին, սա իհարկե, դրական է եւ կարեւոր զարգացում է, բայց իհարկե, խաղաղ կարգավորումը դեռ չի գտնվել եւ սա մեր գլխավոր նպատակներից է: Պետք է շատ ակտիվ աշխատանք տարվի` հարաբերություններ կարգավորելու նաեւ այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք խնդիրներ: Մեր մոտեցումներն այսօր ըմբռնումով են ընդունվում միջազգային հանրության կողմից եւ ասվում է, որ այսօր գնդակը գտնվում է թուրքական դաշտում, եւ ասվում է, որ Հայաստանն անցել է իր ճանապարհը, այժմ Թուրքիան պետք է անցնի իր ճանապարհը եւ անի այն, ինչ խոսք է տվել միջազգային հանրությանը»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչո՞ւ դեռեւս չեն ստեղծվել Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց մասին անցյալ տարի համաձայնություն էր ձեռք բերվել: Պարոն Նալբանդյանն ասաց, որ ադրբեջանական կողմը խանգարում է. «Ադրբեջանական կողմից հնչում են արտահայտություններ, թե իբրեւ այսպիսի առաջարկներ ընդհանրապես չեն արվել եւ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այստեղ մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են: Բայց վերջերս` անգամ դեկտեմբերին, ադրբեջանական կողմը ինքն իրեն մեկուսացրեց, որովհետեւ դուրս եկավ միջազգային հանրության դեմ: Փաստորեն երբ քննարկվում էր ԵԱՀԿ-ում բյուջեն եւ եռանախագահները առաջարկեցին համապատասխան հատկացումներ տրամադրել այս մեխանիզմի ստեղծման համար՝ Ադրբեջանը դեմ դուրս եկավ, իսկ երբ որ չէր ստացվում, սպառնաց անգամ օգտագործել վետո` ընդհանուր բյուջեի նկատմամբ, ԵԱՀԿ-ի բյուջեի դեմ: Փաստորեն, եւս մեկ անգամ ադրբեջանցիք ցույց տվեցին, թե ինչպես իրենք հրաժարվում են, հետ են կանգնում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել հենց իրենց մասնակցությամբ եւ հակադրում են իրենց միջազգային հանրությանը: Այս մեխանիզմները կարող էին նոր միջադեպերի կանխարգելման նպատակով կարեւոր դեր խաղալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև