ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն իր հայաստանյան այցի շրջանակներում այսօր սկսել է հանդիպումները հասարակական կազմակերպությունների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների եւ քաղաքական ուժերի հետ։
Կեսօրին ՀՀ ԱԺ-ում նա հանդիպեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ։ Ո՛չ այդ եւ ո՛չ էլ դրան հաջորդած՝ «Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպումից հետո Պրեսկոտը հարկ չհամարեց լրագրողների հետ շփվել եւ որեւէ հարցի չպատասխանեց։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր եւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ լուրջ բանավեճ է ընթացել մի կողմից Պրեսկոտի եւ մյուս կողմից՝ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի միջեւ։ Նրա փոխանցմամբ, Պրեսկոտը ցանկություն չի ունեցել լսելու խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների բարձրացրած հարցերն ու անգամ իրեն թույլ է տվել այլ կարծիք լսելիս բռունցքով սեղանին հարվածել։ «Նրա կողմնակալությունը միանշանակ էր»,- հայտարարեց Փոստանջյանը։ Պրեսկոտը հրաժարվել էր լսել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին՝ ասելով, թե խմբակցության կարծիքը ինքը կլսի ՀՅԴ պատգամավորների հետ առանձին հանդիպման ժամանակ։
«Եթե մեր բարձրացրած հարցերին համազեկուցողների կողմից ներկայացվելիք զեկույցում անդրադարձ չլինի եւ պատասխաններ չհնչեցվեն՝ ես անպայման իմ բողոքի ձայնը կբարձրացնեմ ԵԽԽՎ-ում»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Պրեսկոտը հայտարարել է, թե գտնում է, որ մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հանրային քննություն տեղի չի ունեցել։ Զ. Փոստանջյանն այդ դիտարկումն արդարացի է համարել՝ շեշտելով, որ ՀՀ նախագահը մարտիմեկյան եւ դատաիրավական համակարգին վերաբերող հարցերի առնչությամբ հանդիպել է դատական իշխանության, իրավապահ մարմինների ղեկավար ներկայացուցիչների հետ, բայց երբեք նման հանդիպումներ չեն եղել մյուս կողմի՝ հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների, այդ գործերում ներգրավված փաստաբանների, մարտիմեկյան դեպքերի զոհերի իրավահաջորդների հետ, որպեսզի ինչ-որ չափով բանավեճ ու հանրային քննարկում լիներ։ Պատգամավորը խնդրել է Պրեսկոտին՝ իշխանությունների հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այս հարցը։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ