Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ հիմնախնդիրն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության 2011 թ. ամփոփման

Հունվար 16,2012 14:03

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011 թվականը վերահաստատեց վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումները հիմնավորեցին ընտրած մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։

 Հաշվետու տարվա ընթացքում շարունակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Վերահաստատվեցին միջազգային հանրության այն մոտեցումները, որոնք արդեն չորս տարի շարունակ արտացոլվում են ԵԱՀԿ շրջանակներում:

Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն:  Սակայն ադրբեջանական կողմը տարվա ընթացքում խոչընդոտեց նման մեխանիզմի ստեղծմանը:

 

2011թ. մայիսի 26-ին Դովիլում կայացած «Մեծ Ութնյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի՝ հակամարտության բոլոր կողմերին ուղղված համատեղ հայտարարության մեջ վերահաստատվեցին հիմնախնդրի կարգավորման հիմքը կազմող միջազգային իրավունքի սկզբունքներն ու հանգուցալուծման տարրերը: Հատուկ ընդգծվեց, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ ուժի կիրառումը խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

2011թ. հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն առաջընթաց չարձանագրեց Ադրբեջանի ղեկավարության` հերթական անգամ պայմանավորվածություններից հետ կանգնելու և բազմաթիվ նոր փոփոխություններ առաջադրելու պատճառով:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ տարվա ընթացքում մի քանի փուլ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի միջեւ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, շարունակելով միջնորդական ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, բազմաթիվ այցեր են կատարել տարածաշրջան՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու:

Դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնգակողմ հայտարարություն, որով վերահաստատվեց բացառապես խաղաղ միջոցներով ու միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այլընտրանքի բացակայությունը, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման կարեւորությունը և դիպուկահարների դուրսբերումը:

ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031