Բրիտանական Կարդիֆ համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ հունվարի 16 երկուշաբթին տարվա ամենատխուր եւ դեպրեսիվ օրն է: Գրում է այդ մասին Газета.Ru-ն՝ վկայակոչելով «The Wall Street Journal» թերթը:
Համաձայն մասնագետների կողմից մշակված «երջանկության բանաձեւի»՝ հենց այս օրը բրիտանացիները եւ ընդհանրապես եվրոպացիները կզգան «հետսուրբծննդյան» եւ հետտոնական «ունայնությունը», որոնք նրանց կստիպեն հասկանալ, որ առաջիկայում ոչ մի լավ բան չի սպասվում: Մասնագետները վատ տրամադրության ամենագլխավոր պատճառներից մեկը համարում են ցուրտ եղանակը, այնուհետեւ դրան հաջորդում են հավաքված պարտքերը, չվճարված հաշիվները, նաեւ՝ անհանգստությունը, որ հունվար ամսվա աշխատավարձին դեռ 2 շաբաթ կա:
«Այս բոլոր ցուցանիշներն էլ պատճառ են դառնում, որ հունվար ամսվա երրորդ երկուշաբթին դառնա տարվա ամենատխուր աշխատանքային օրը»,- համոզված են գիտնականները: Նրանք նաեւ նշում են, որ այն մարդիկ, ովքեր սիրով են անում իրենց գործը ավելի հեշտությամբ են «հաղթահարում» «Տխուր երկուշաբթիի» (Blue Monday) դեպրեսիան, քան նրանք, ովքեր հաճույքով չեն աշխատում: