Դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ընդունվել է կազմակերպության ընդհանուր բյուջեն: Դրա հետ մեկտեղ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/գրասենյակի ֆինանսավորման ավելացման հարցապնդումը` պայմանավորված նրանով, որ ԳՆԱՆ գրասենյակի հնարավորություններն անհրաժեշտ է ամրապնդել, որպեսզի աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը, այդ թվում` ի կատարումն 1995 թ. փետրվարի 6-ի պայմանավորվածությունների, որոնք ստորագրել են հակամարտության երեք կողմերը /ԼՂՀ, Ադրբեջան և Հայաստան/ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահների միջնորդությամբ:
ԳՆԱՆ գրասենյակի բյուջեի ավելացման գաղափարը լայն աջակցություն է գտել ԵԱՀԿ անդամ-պետությունների շրջանում: Հատկանշական է, որ կտրականապես դեմ է հանդես եկել միայն Ադրբեջանի պատվիրակությունը, իր դիրքորոշումը բացատրելով նրանով, որ չի կարող հավանություն տալ գրասենյակին հավելյալ միջոցների տրամադրմանը, քանի դեռ ձեռք չի բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի մանրամասերի շուրջ վերջնական պայմանավորվածություն:
Ցավոք, մենք արդեն առաջին անգամ չենք բախվում նման իրավիճակի, երբ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները ամբողջովին հակասում են բարձր մակարդակով արված նախկին հայտարարություններին, մասնավորապես, այն հայտարարությանը, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից հնչեցվել է 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում :
Սա մեկ անգամ ևս վկայում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ շփման գծի միջադեպերի հետաքննությամբ, քանի որ արդյունքում ի հայտ է գալու, որ հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար իրականացնում սադրանքներ, դրանով իսկ խորացնելով հակամարտող կողմերի փոխադարձ թշնամանքն ու անվստահությունը և բանակցային գործընթացը կանգնեցնելով փակուղու առաջ: