Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. Էթիկայի հանձնաժողովը հերթական բուտաֆորիկ համակարգ է (Տեսանյութ)

Հունվար 16,2012 12:55

«Մենք արդեն հակակոոռւպցիոն բազմաթիվ մարմիններ ստեղծել ենք, միջազգային բազմաթիվ կազմակերպություններ ունենք, իսկ Էթիկայի հանձնաժողովի վրա ավելի ամպագոռգոռ գործառույթներ են դրված»,- խոսելով Էթիկայի հանձնաժողովի մասին այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Խոսքը, հիշեցնենք, վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորված «Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի մասին է, որի առաքելությունը, ըստ հանրապետության ղեկավարի, երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն ու արդար համակարգի ներդրումն է:

Ա. Սեդրակյանի կարծիքով, այդ հանձնաժողովը ստեղծելով, պատկան մարմինները նպատակ ունեն Արեւմուտքին ցույց տալ, որ Հայաստանը շատ մոդեռնացված է, եւ նշեց, որ նման կոմիտե գործում է նաեւ ԱՄՆ Սենատին կից, որը, ի տարբերություն հայկական Էթիկայի հանձնաժողովի, զբաղվում է ներկոնգրեսական հարցերով: Ըստ նրա, էթիկայի հանձնաժողովի միջոցով ընդամենը փորձ է արվում ներկայանալ էթիկական ազգ:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հակադարձեց` նշելով, որ հանձնաժողովը զգոնության կոչ է լինելու. «Էթիկական հանձնաժողովի միջոցով նույն կառավարության անդամները որոշակի շահերի բախման տեսանկյունից այս կամ այն գործառույթն են իրականացնում: Չէի ուզենա թերահավատորեն նայել այս կառույցին: Անդամներն ընտրվում են վեց տարով եւ ազատ են իրենց գործունեության մեջ»: Իսկ թե ինչ երաշխիք կա, որ անդամները կլինեն անկաշառ, Հ. Սահակյանն այսպես պատասխանեց` բարձր աշխատավարձը: Ավելի ուշ արձագանքեց, թե ինչու են բողոքում` նաեւ աշխատատեղեր են ստեղծում:

«Հանրությունը փոխարինեցին Հանրային խորհրդով: Այժմ էթիկան փոխվում է էթիկական հանձնաժողովով: Այդպիսի բուտաֆորիկ համակարգ ես համարում եմ Հանրային խորհուրդը, նման երկրորդ կառույց էլ Էթիկայի հանձնաժողովն է»,- ասաց Ա. Սեդրակյանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը կարծում է նաեւ, որ այլ երկրներում նույն վերահսկողությունն անում է մամուլը. «Մամուլի ձեռքից վերցնում ենք այդ վերահսկողությունը եւ տալիս հանձնաժողովին»:

Դիտարկմանը, թե մամուլը բարձրաձայնեց Սյունիքի մարզպետի` գործարար կնոջը հարվածելու մասին եւ հասարակական հնչեղություն եղավ, բայց այդպես էլ կոնկրետ քայլեր չձեռնարկվեցին, Հ. Սահակյանն ասաց. «Էթիկայի հանձնաժողովն, իհարկե, կքննարկի նաեւ Սյունիքի մազրպետի վերջին արարքը, եթե մամուլի առաջամարտիկները կարողանան որոշակի նյութեր ուղարկել հանձնաժողովին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031