«Իրական թատրոնն այսօր ճգնաժամի մեջ է, որովհետեւ մարդիկ այլեւս կարիք չունեն բեմադրություն տեսնելու համար թատրոն գնալ: Քաղաքական դաշտը, հատկապես նախընտրական այս շրջանում իսկական թատրոն է, որտեղ աշխատում են բավականին անշնորհք ու անհետաքրքիր ռեժիսորներ ու դերասաններ»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նա նկատի ունենալով մարտի 1-ի դեպքերը, ասաց, որ ափսոսում է, որ 50-70.000-ի հասնող բազմությունն օգտագործվեց ու զոհ գնաց հենց ներկայացումներին. «Տեսանք՝ ինչպես մարդկային ծովը գետ դարձավ, հետո՝ առու ու ճահիճ: Քաղաքական թատրոնի ռեժիսորն այս պահին Սերժ Սարգսյանն է, բայց պետք է ուղղակի հասկանալ, որ մենք խոսում ենք խամաճիկների թատրոնի մասին, այսինքն նրա ոտքերից, ձեռքերից ու մնացած մասերից նույնպես թեւեր են կապված, որոնք քաշում են բոլոր կողմերից… Բայց կարծում եմ՝ պիեսն արդեն ավարտված է, տիտրերն են գրում: Շուտով կտեսնենք , ինչպես է վարագույրն իջնում ու կսկսվի նոր կյանք, որին արժանի ենք եւ ոչ թե այն կյանքը, որը մեր փոխարեն ընտրել են խամաճիկի թատրոնի տերերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ