Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինե Ղազինյան. «Երեխաներս ինձ վերապրելու ուժ տվեցին» (տեսանյութ)

Հունվար 16,2012 00:47

 

Կարինե եւ Գեորգի Ղազինյանները` Պորտուգալիայում

Մեծ Բրիտանիան արդեն երրորդ երկիրն է, որտեղ Կարինե Ղազինյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը` որպես մեր երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան: «Յուրաքանչյուր դեսպանի համար առաջին երկիրը, որտեղ աշխատել է` շատ կարեւոր է եւ միշտ հիշվելու է: Ինձ համար դա Ռումինան էր, որը նաեւ էմոցիոնալ նշանակություն ունի ինձ համար, որովհետեւ այնտեղ ՀՀ առաջին դեսպանն իմ վաղամեռիկ ամուսինն էր` Գեորգի Ղազինյանը: Երկրորդը Գերմանիան է, որն ինձ շատ-շատ մեծ փորձ տվեց: Գերմանիան Եվրամիության շարժիչն է, բոլորն ընդունում են դա, եւ այդ յոթ տարիների աշխատանքս, երբ ներկայացնում էի Հայաստանը, ինձ համար մեծ պատիվ եւ հպարտություն էր: Կարծում եմ, որ վատ չեմ կատարել այդ գործը, որովհետեւ թե’ գերմանական կառավարությունից եւ թե’ իմ կառավարությունից գնահատականը տվեցին: Գերմանիայից հետո էլի մեծ սիրով աշխատեցի որպես ՀՀ ԱԳ փոխնախարար. երկուսուկես տարի զբաղվում էի Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմանի կապերով: Դա նաեւ շատ հետաքրքիր ժամանակաշրջան էր այն առումով, որ մենք սկսեցինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, եւ ես դարձա առաջին գլխավոր բանակցողը: Այդ ընթացքում Ասոցացման համաձայնագրի տասնութ գլուխ «փակեցինք», եւ ես հիմա մեծ հետաքրքությամբ հետեւում եմ, թե ինչպես են ընթանում բանակցությունները»:

Իշխան եւ Լուիզա Ղազինյանները

Մեր հարցին` Հայաստանի միա՞կ կին դեսպանն է ինքը, տիկին Ղազինյանը պատասխանեց. «Մի ժամանակ Բուլղարիայում Հայաստանը ներկայացնում էր վաղամեռիկ Սեւդա Սեւանը: Այժմ էլ Նիդեռլանդներում ունենք կին-դեսպան»: «Ընդամենը երկո՞ւ կին: Քի՞չ չի»: «Քիչ է, իհարկե, բայց գիտեք, երբ Գերմանիայում էի աշխատում, այնտեղ ներկայացված մոտ 150 դեսպաններից միայն 18-ս էինք կին: Այստեղ դեռ բոլորին չեմ ճանաչում, բայց հասցրել եմ նկատել, որ մոտ 20-25-ս ենք կին»: Բնականաբար, չէինք կարող խուսափել բացառապես կանանց տրվող ծեծված հարցից` ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը եւ ընտանիքը: «Գիտեք, հիմա այդ երկընտրանքն ինձ համար գոյություն չունի: Երեխաներս արդեն մեծ են, առանձին են ապրում: Այնպես որ` համատեղելու խնդիր չունեմ, անկախ եմ, ամբողջությամբ աշխատանքի մեջ, ու մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից»: Տիկին Ղազինյանի զավակներն արդեն կայացած մասնագետներ են.«Աղջիկս` Լուիզան, բանկիր է, աշխատել է Լոնդոնում`անգլիական բանկում: Վերջերս է ամուսնացել, եւ որոշ ժամանակով դադար է տվել աշխատանքին: Նրա ամուսինը բրիտանացի է, բայց արդեն իսկ սկսել է հայերեն սովորել: Աղջիկս ասել է` սովորիր, չես ուզում, չէ՞, որ ես եւ երեխաներս քեզնից գաղտնիքներ ունենանք (ծիծաղում է): Տղաս` Իշխանը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ է, Մոսկվայում  է աշխատում` գերմանական ՍԱՊ ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի փոխտնօրենն է»:

Կարինե Ղազինյանի դիվանագիտական կարիերան սկսվել է, երբ նա դեռ շատ երիտասարդ էր.«Քսաներկու տարեկան էի, երբ ամուսնացա երիտասարդ դիվանագետ Գեորգի Ղազինյանի հետ: Մենք ընդամենը մեկ ամիս էինք իրար ճանաչում, երբ ամուսնացանք: Մենք այնպիսի ընտանիքներում էինք մեծացել, որ մեր մտքով անգամ չէր անցնում, թե մեկի հետ մեկ ամիս ծանոթ լինելուց հետո հնարավոր է ամուսնանալ, բայց հենց այդպես եղավ: Ամուսնացանք եւ անմիջապես մեկնեցինք Մոզամբիկ` Աֆրիկա, ու սկսեցինք քայլ առ քայլ իրար ճանաչել: Ես հորս հետ շատ մտերիմ էի: Հայրս` Լորիս Կրոյանը, որ Սովետական Հայաստանի հայտնի լրագրողներից եւ խմբագիրներից էր, նույնպես հավանել էր ամուսնուս, բայց մեր մեկնելուց ինձ ասաց` Կարինե ջան, եթե հանկարծ զգաս, որ ինչ-որ մի բան այն չի, դու առանց մտածելու կմոտենաս Սովետական Միության դեսպանին եւ կասես, որ քեզ հետ ուղարկի ինձ մոտ: Երբ ես շա~տ ուշ այս մասին պատմեցի ամուսնուս, նա շատ էր զարմացել` իսկապե՞ս նման բան է ասել (ծիծաղում է-խմբ.): Այդպես մեկնեցինք Մոզամբիկի Սովետական դեսպանություն: Դեռ դիվանագետ չէի, բայց դեսպանի մոտ միանգամից որպես իր օգնական ընդունվելը ինձ մեծ փորձ տվեց: Այդ տարիքում մտա դիվանագիտական աշխատանքների դաշտը եւ սիրահարվեցի այդ գործին: Դիվանագիտությունը ես հիմնականում սովորել եմ իմ ամուսնուց` մեր կյանքի քսան տարիների ընթացքում: Նա իսկապես մեծ դիվանագետ էր, եւ ամեն քայլ, որ նա անում էր, մեկ անգամ եւս վկա էի դառնում, որ այդ մարդն իսկապես ուղնուծուծով դիվանագետ է: Ճիշտ է, իրենից հետո ես մեծ փորձ անցա, բայց հիմքս նա դրեց: Նա անցել էր լուրջ մասնագիտական ուղի` ավարտելով ՄԳԻՄՕ-ն: Ես ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինն էի ավարտել: Երբ մեկնեցինք Մոզամբիկ` 1977-ին, այդ երկիրը նոր էր անկախացել: Մոզամբիկում սովետական դեսպանը ամուսնուս աշխատանքը շատ հավանեց. այդ ժամանակ սովետական ղեկավարները գալիս էին Մոզամբիկ, եւ ամուսինս նրանց բոլորին թարգմանել էր` Բրեժնեւ, Կոսիգին, Չեռնենկո… Հետո այդ դեսպանին նշանակեցին Պորտուգալիայի դեսպան, եւ նա մեզ տարավ իր հետ: Լիսաբոնում մենք միակ հայ զույգն էինք,  եւ երբ «Գալուստ Գուլբենկյան» հիմնադրամը, որ համարվում էր պետություն պետության մեջ, որեւէ հրավերք էր անում, եւ հրավիրում էր ՍՍՀՄ դեսպանին, անպայման հրավիրում էր նաեւ «հայ զույգին»:  Դա 83-85 թվականներն էին: Պորտուգալիայից հետո գնացինք Մոսկվա, ամուսինս ՍՍՀՄ ԱԳՆ-ում էր աշխատում, ես դասավանդում էի անգլիական դպրոցում: Հետո 1990-ին մեզ նորից կանչեցին Պորտուգալիա, եւ երբ 1991-ին Հայաստանն անկախացավ, մենք միանգամից ամեն ինչ թողեցինք եւ եկանք Հայաստան: Ամուսինս հարցազրույցն անցավ, եւ դարձավ ԱԳ փոխնախարար: Այդ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն էր նախարարը: Դա 1992 թվականն էր, իսկ 94-ին ամուսնուս ուղարկեցին Ռումինիա, եւ հետո` նաեւ Մոլդովա, ՀՀ դեսպան: Իսկ 1997-ի հուլիսին այդ ողբերգությունը տեղի ունեցավ: Ամուսինս հենց մեր դեսպանությունում, իր գրասեղանի առջեւ կաթվածահար եղավ: Նա մենակ էր եղել այնտեղ»:

Գեորգի Ղազինյանը` ՀՀ փոխարտգործնախարար աշխատելու տարիներին

Գեորգի Ղազինյանը մահացավ շատ երիտասարդ եւ հանկարծակի` 44 տարեկանում: «Նրա մահը շատ անսպասելի էր: Գիտեինք, որ ինչ-որ խնդիրներ կան, բայց կարծում էինք հեշտ լուծելի են: Ավաղ…  Մենակ էր եղել այդ պահին, հետո հավաքարարն էր տեսել, շտապօգնություն էր կանչել, ութ րոպեից հասել, էին, բայց չէին կարողացել ոչնչով օգնել: Հետո այդ կինը եկավ իմ հետեւից… Ես  լրիվ ջախջախված էի, մտածում էի`ինչո՞ւ ինքը, գոնե ես լինեի, որ նա կարողանար երեխաներիս ոտքի հանել: 17-18 տարեկան էին երեխաներս: Նրա’նք ինձ վերականգնվելու, ապրելու ուժ տվեցին: Մեր հայրն իսկապես խիստ հայր էր, բայց երեխաներս հասկանում էին նրա խստությունը: Նա Ռուսաստանում էր սովորել եւ միշտ ասում էր` եթե ուզում ես, որ քեզ հավասարի պես նայեն, պետք է մի գլուխ բարձր լինես: Խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին էր, այլ` ընդհանրապես օտար երկրում ապրելու: Այդ միտքը նա կարծես թե մտցրել էր երեխաների մեջ: Ես խիստ չէի, բայց երբ այդ ամեն ինչից մի քիչ դուրս եկա, երեխաներիս կանչեցի եւ ասացի` դուք գիտեք, որ ձեր հայրը խիստ էր, կարծում էր`ինչո՞ւ պիտի չորս ստանաք, եթե կարող եք հինգ ստանալ, ինձ համար դա նշանակություն չունի` ինչ ուզում եք ստացել, բայց մտածեք, որ ինքը ձեզ հետեւում է, նայում է եւ կուզենար այդպես անեիք… Երեխաներս բարեբախտաբար հետեւցին հոր խորհուրդներին, եւ կարողացան հաջողությունների հասնել իրենց ընտրած ուղիներում»:

Ամուսնու մահից հետո տիկին Ղազինյանը վերադարձավ Հայաստան, սակայն որոշ ժամանակ անց Հայաստանի կառավարությունը որոշեց, որ նա պետք է վերադառնա Բուխարեստ եւ շարունակի ամուսնու գործը: «Առաջին տարին ահավոր դժվար էր, ինձ համար պատվի հարց էր` եթե իմ կառավարությունն ինձ հետ էր ուղարկել Բուխարեստ, ես կարծես շարունակում էի այն գործը, որ ամուսինս էր թողել, եւ ուզում էի, որ նույնքան հարթ եւ լավ ընթանար: Ինձ համար ոչ միայն աշխատանքային առումով էր ծանր, այլեւ` հոգեբանորեն, ես դեսպանատան բոլոր թղթերից նրա հոտն էի զգում, կարդում էի բոլոր գրառումները, որ տեսնեի, թե ինչ է արել, որը ես դեռ պետք է սովորեմ: Շատ ուշ էի գալիս տուն, անընդհատ աշխատում էի, բայց դա ինձ փրկում էր, եթե ես անգործ մնայի` կխելագարվեի…»:

Հիմա էլ տիկին Ղազինյանն աշխատում է նույն ծանրաբեռնվածությամբ.«Ճիշտ են ասում, որ եթե դիվանագետ ես` քսանչորս ժամ դիվանագետ ես: Նույնիսկ այն բազմաթիվ ճաշերն ու ընդունելությունները, որոնց մասնակցում է դեսպանն ի պաշտոնե` աշխատանք են: Հիշում եմ, որ ամեն անգամ, երբ նման ընդունելությունից տուն էինք վերադառնում, ամուսինս ասում էր` ի՞նչ կա ուտելու, մի բան տուր ուտեմ, եւ երբ զարմանում էի` նոր չե՞նք ճաշել, ասում էր` ես այդ ողջ ընթացքում մտածում էի, ամեն խոսքս, ամեն բառս կշռադատում էի, եւ չեմ էլ հասկացել, թե ինչ եմ կերել, ինչ եմ խմել, դա աշխատանք էր, իսկ հիմա ինձ կերակրիր: Միայն, երբ երեխաներս են այցելում ինձ, այդ օրերը դառնում են ընտանեկան երջանկութան օրեր, եւ այդ օրերին փորձում եմ մի քիչ կտրվել աշխատանքից` երեխաներիս հետ շփվելու համար»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031