ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով բարեգործությունների մասին՝ վստահեցրեց, որ ինքը բարեգործություններ շատ է անում, պարզապես ԶԼՄ-ները դրա մասին չեն իմանում, քանի որ «ռեկլամ» չի անում: Մեր հարցին՝ օրինակ, ի՞նչ կարգի բարեգործություն եք դուք անում սովորաբար, նա պատասխանեց. «Մշտական եմ անում՝ Նոր տարի կլինի, ծնունդ կլինի, օգնում եմ փողով, ապրանքով, մթերքով, նայած ինչ պահանջ ունեն»:
Թե վերջին անգամ ում է օգնել ու ինչո՞վ, պարոն Այվազյանը հստակ չհիշեց. «Օգնելը որն ա, եկել են՝ Նոր տարվա հետ կապված մթերք ա, խմիչք ա, ուտելիք ա՝ մի 100-200 հոգու: Ես բարեգործություն միշտ եմ անում՝ անկախ նախընտրական շրջանից: Իմ կարծիքով, բարեգործությունը սովորական ապրելաձեւ է»: Իր արած բարեգործությունների դիմաց պարոն Այվազյանին ժողովուրդը գնահատում է հետեւյալ կերպ. «Ընտրություններին ես համամասնական ցուցակում եմ եղել, 4 անգամ նույն տարածքում՝ 19-20 հոգու հետ միասին մտել եմ ընտրապայքարի մեջ ու հաղթել եմ: 4 անգամ նույնն տարածքից ընտրվել եմ»:
Զրույցի ընթացքում մեր այն դիտարկմանը, որ դուք ուտող-խմող մարդ եք՝ պարոն Այվազյանը միանգամից հերքեց՝ «Ես խմող չեմ, ես ընդհանրապես չեմ խմում»: Պարոն Այվազյանը մոռացել էր, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ նոյեմբերի 10-ին «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում, վստահեցնում էր, որ «Ես խմում եմ Ալեքսանյան Սամվելի ու Ավշարի օղիները»: Երբ հիշեցրինք իր խոսքերը՝ պարոն Այվազյանն ասաց, որ այնուամենայնիվ, իրեն խմած-հարբած չենք տեսնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ