Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրծաղիկից մահացած զինվորի հայրն առերեսվել է այն բժշկուհու հետ, որին մեղադրում է իր որդուն սպանելու համար

Հունվար 15,2012 22:23

Հայտնի է, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր մոտ էր հրավիրել օրերս ջրծաղիկից տանջամահ եղած 18-ամյա զինվոր Հայկ Խաչատրյանի հորը` Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Մովսես Խաչատրյանին:

Նախարարը, ըստ նրա, ուշադիր լսել է իրեն ու խոստացել արժանի պատժի ենթարկել բոլոր մեղավորներին: «Ես նրան ամեն ինչ մանրամասնորեն պատմեցի, այն, ինչ իմ աչքերով եմ տեսել: Նախարարն այնքան հարգալից ու այնքան ուշադիր լսեց, որ իմ մեջ որոշակի հույս առաջացավ, որ մեղավորներին իսկապես կպատժեն: Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո մխիթարություն զգացի, հույսս դեռ չեմ կորցրել»,-ասաց Մովսես Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ զինվորի ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են իրենց բնութագրմամբ, «հրեշ» հրամանատարին ու Մուրացանի զինվորական հոսպիտալի երկու «դահիճ» բժիշկներին, որոնք իրենց անտարբերությամբ ու սխալ բուժմամբ սպանել են ջրծաղիկով վարակված Հայկին: «Ես անձամբ եմ տեսել նրանց վերաբերմունքը, իմ երեխի տանջանքները, ինձ համոզել չի հաջողվում, իզուր են մինչև վերջին ատամները զինված ուզում կոծկել բժիշկների մեղքը, հասարակությանը խեղաթյուրում են, ասուլիսներ են հրավիրում ու որակումներ տալիս, թե կայծակնային ջրծաղիկ է եղել, ես հազարավոր բժիշկների հետ եմ խորհրդակցել, էդպիսի դիագնոզ, տերմինոլոգիա չկա աշխարհում: Հիվանդությունն ի սկզբանե բարձիթողի է մատնվել, երեխան անտեսվել է, որի հետևանքով էլ  վիճակը բարդացել է : Արհեստական հիվանդություն են ուզում հորինել` շեղելով թեմայից: Նորից եմ կրկնում` իմ որդին չի մահացել, նրան սպանել են: Իսկ նախաքննությունը 10 օր շարունակ  ոչինչ չի արել`մտածել են, որ կկոծկեն, կգրեն` հիվանդությունից մեռավ ու կանցնի-կգնա, եթե իրենց մնա, այս էջը կծալեն ու անմիջապես կփակեն»,- հավելեց նա:

Մովսես Խաչատրյանը տեղեկացրեց, որ այսօր իրեն առերեսման են հրավիրել Մուրացանի զինվորական հոսպիտալի բժշկուհի Արմենուհի Սերոբյանի հետ, սակայն, ելնելով նախաքննության շահերից, զինվորի հայրն այս մասին մանրամասներ չհաղորդեց: Այս պահին հանձնաժողով է կազմված, ուսումնասիրություններ են կատարվում: Նշենք, որ Մովսես Խաչատրյանը մոտ 20 տարի է` աշխատում է Արթիկի ոստիկանությունում և մտադրված է դիմում ներկայացնել աշխատանքից դուրս գալու համար:

Նա մեզ տեղեկացրեց, որ խնդրել է ոստիկանության պաշտոնյաներին գալ ու վերցնել իր ազատման դիմումը, սակայն մինչև օրս չեն արձագանքել: «Նախարար Սեյրան Օհանյանն էլ լսել էր այս մասին ու հորդորեց` նման քայլի չգնալ, եթե արդարություն լինի, իմ որդուն սպանողներին արժանի պատժի ենթարկեն, միգուցե մտածեմ հետագայում ևս հայրենիքի համար աշխատելու մասին, թեև քիչ հավանական է, որ գործից դուրս չգամ, նաև հոգեբանորեն այլևս պատրաստ չեմ աշխատելու», -ասաց Մ. Խաչատրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031