Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երկու հարյուրից ավելի ակտիվիստներ, քաղաքական, մշակույթի գործիչներ արշավ էին կազմակերպել դեպի Թեղուտ: Հաղորդել էինք նաեւ, որ բնապահպան ակտիվիստների եւ բնակիչների միջեւ վիճաբանություն է եղել: Քիչ առաջ ինչպես հեռախոսով փոխանցեց Aravot.am-ի թղթակիցը, այժմ հավաքվել են նաեւ Օձունի, Շնողի եւ Թեղուտի բնակիչները` մոտ 150 հոգի: Նրանք հիմնականում հանքի աշխատակիցներ են: Գյուղացիները ի պատասխան բնապահպանների ակցիայի, ասել են. «Ա’յ գրանտակեր բնապահպաններ, ձեր գրանտները կերել եք, բայց երեք գյուղ սոված է»:
Բնապահպանները մեր թղթակցին ասել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 1 հա ծառ է հատվել, իսկ գյուղացիներն ասում են, որ ծառահատումների մասին թող չմտածեն, որովհետեւ այդ հատված ծառերն էլ են իրենք օգտագործում:
Այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ քաղցկեղն է իրենց սպառնում, թեղուտցի Նարեկ Բաբայանը, որ տասը տարի աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում, պատասխանել է. «Ավելի լավ է կուշտ փորով մեռնել, քան մեռնել սոված` քաղցկեղից»:
Կարդացեք նաև
Գրիգորյան Շամաղան էլ այսպես է արձագանքել. «Եթե Վալերի Մեջլումյանը չլիներ, հիմա թուրքի մոտ քոծություն էի անում»:
«Բնակիչները խաբված են եւ աշխատատեղի կռիվ են անում, բայց մեր նպատակն է պայքարել եւ հասնել նրան, որ բնակիչները դադարեն մտածել, որ Թեղուտը կամ Քաջարանը միայն իրենցն է: Հանքերը պետք է շահագործվեն անվտանգ` ցանկացած քաղաքացու համար»,- Aravot.am-ին ասել է «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
Բնապահպան Ապրես Զոհրաբյանի խոսքով, գարնանը «Վալլեքս» ընկերությունը կսկսի պայթեցումները, ու հենց Թեղուտ հանքի կողքին` Դուքանաձորում ծառեր են հատվել, որտեղ էլ նախատեսվում է հանքի պոչամբարը: Եվ հենց դրանով է պայմանավորված Թեղուտի համար պայքարի ակտիվացումը: Ըստ նրա, «Վալլեքսը» մոտ 20 մլրդ դոլարի եկամուտ է ստանալու Թեղուտից, մինչդեռ 600 մլն դոլարն է մտնելու պետբյուջե: Մեր թղթակիցը փոխանցում է, որ գյուղացիները հենց այս տարածքում շարունակում են պաստառներով պայքարել, իսկ ակտիվիտները պատրաստվում են վերադառնալ Երեւան:
Ինչպես տեղեկանում ենք առցանց ինտերնետային հեռարձակումից, այժմ ակտիվիստները սպասում են «Վալլեքս» ընկերության պատասխանատուին, իսկ շուրջ հարյուր ոստիկաններն իրենց աշխատանքն են կատարում եւ չեն խոչընդոտում ակտիվիստների պայքարին:
Մեր թղթակիցը փոխանցում է նաեւ, որ բնապահպանները պահանջել են ներկայացնել հանքի շահագործման օրինական փաստաթղթերը եւ «Վալլեքս-Գրուպի» ներկայացուցչին են հանձնել «Օրհուսի» պայմանագիրը, որի համաձայն հանքը շահագործվում է իրավախախտումներով:
Սրան ի պատասխան «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր մարքշեյդեր Վարդգես Թովմասյանը մեկնաբանել է, որ ծանոթ չէ պայմանագրին, կուսումնասիրի եւ իր գնահատականները կհրապարակի ավելի ուշ:
Նշենք նաեւ, որ գործարանը փակ էր դարպասներով, եւ բնապահպանները պահանջեցին ցույց տալ այն թույլտվությունը, որով հանրային տարածքը սեփականաշնորհել եւ փակել են: Վ. Թովմասյանը վստահեցրեց, որ իրենք ունեն թույլտվություն եւ օրինական կերպով են այն փակել: Երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչու են փակել, Վ. Թովմասյանն այսպես է արձագանքել. «Պաշտպանում ենք մեր աշխատակիցների անվտանգությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ