Այսօր` հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 28-ամյա Սամվել Սարիբեկյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 24 ԼՍ 436 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի 3.6 կմ-ում ճանապարհի մերկասառույցի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը:
Վարորդին և ուղևորներ 51-ամյա Անժելա Մանուկյանին և 53-ամյա Վաչիկ Սարիբեկյանին վիրավոր վիճակում ձորից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած Ապարանի հիվանդանոցի աշխատակիցները: Վիրավորները տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` հրամանատար Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Բենիկ Սարգսյանը: Նրա հանձնարարականով արդեն փորձում են տրակտորի և քարշակի միջոցով մեքենան դուրս բերել ձորից, որպեսզի այն տեղափոխեն ոստիկանության Ապարանի բաժնի տուգանային հրապարակ:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վարորդն ու վիրավորները հարազատներ են և այսօր տեղի էր ունենալու վարորդի նշանդրեքը: