75 կգ քաշային ծանրորդ, Եվրոպայի չեմպիոնուհի Հռիփսիմե Խուրշուդյանը մինչեւ Լոնդոնի օլիմպիական խաղեր որեւէ մրցման, այդ թվում՝ Հայաստանի ու Եվրոպայի առաջնություններ, չի մասնակցի: Նա աշխարհի առաջնությունում ստացած ձեռքի վնասվածքից հետո շարունակում է վերականգնողական բուժում անցնել՝ բավարարվելով միայն ընդհանուր ֆիզպատրաստականության մարզումներով:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մյուս առաջատար ծանրորդը՝ Մելինե Դալուզյանն արդեն հաճախում է մարզադահլիճ եւ կմասնակցի մարտի առաջին օրերին Ծաղկաձորում հրավիրվելիք այս տարվա անդրանիկ ուսումնամարզական հավաքին: Նրա խոսքերով, բացառված չէ նաեւ, որ Մելինեն հանդես գա ապրիլին Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ