Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ ընկեր Ալիկը

Հունվար 14,2012 21:11

Վերջին տարիներին անընդհատ մտածում եւ ամեն անգամ հաստատ որոշում էի կայացնում գրել իմ դասընկեր Ալիկի մասին, ու ամեն անգամ այդ հարցում հետեւողական չէի լինում, ինչպես դպրոցական տարիներին էր  պատահում. ամեն շաբաթավերջին ինքս ինձ համար որոշում էի` երկուշաբթի օրվանից օրագիրս բացառապես գեղեցիկ ձեռագրով լրացնել, բայց…

Շնորհակալ եմ իմ ավագ ու ինձ համար օրինակելի գործընկերոջս, առցանց «Առավոտի» խմբագիր-շեֆիս` Աննա Իսրայելյանին, որ ուղղակի իր անընդհատ հիշեցումներով ստիպեց «Առավոտի» բլոգում գրառումներ անել, ու հիմա դա անելու պարտավորությունս հարմար առիթ դարձավ հիշելու իմ ընկեր Ալիկին` Մահմուդով Ալեքսանին:

Ալիկի հետ ընկերներ դարձանք, երբ ոտքս առաջին անգամ դպրոց դրեցի` Երեւանի թիվ 162 դպրոց: Այդ ժամանակ Ալիկի մայրը` ազգությամբ հայ ու մի շատ գեղեցկադեմ, սպիտակ ու մարմարե մաշկով եւ խաժ աչքերով  Մանիկն ու իմ մայրն արդեն վաղուցվա  աշխատանքային ընկերուհիներ էին: Բացի այդ, դեպքերի բերումով մեր երկուսի ընտանիքներն էլ բնակարան էին ստացել հարեւան շենքերում: Չէ, ես Ալիկին մինչեւ դպրոց գնալը երբեք չէի տեսել, մենք երբեք միասին չէինք խաղացել ու խաղալիքներ չէինք փոխանակել: Բայց դպրոցում տղա ընկերներիս շարքում Ալիկը դարձավ իմ ամենալավ ընկերը, թեեւ մենք անգամ նույն դասասեղանին կողք-կողքի չէինք նստում: Ես դասարանում ամենացածրահասակ, նիհարիկ (ինչպես հիմա եմ) աղջիկն էի, ու մեր շատ բարի ու լավ դասղեկ ընկեր Գրիգորյանն ինձ նստեցրել էր առաջին շարքում: Ալիկը վերջին դասասեղանի մոտ էր նստում:

Հետո նա սկսեց սպորտով զբաղվել` ըմբշամարտիկ էր: Գիտեինք, որ սպորտդպրոցում լավագույններից մեկն է, ու հպարտանում էինք նրանով, մեր ու զուգահեռ դասարանների տղաներն էլ  ձգտում էին նրա հետ ընկերություն անել: Արդեն երրորդ, թե չորրորդ դասարանում էինք,  երբ մեր նոր դասղեկն աշակերտների հետ ծանոթանալիս Ալիկ Մահմուդով անուն-ազգանունով ներկայացած տղային ոտքից-գլուխ չափեց ու քթի տակ առհամարհանքով հարցրեց` «ադրբեջանցի ե՞ս, պարզ ա»: Մեզ` Ալիկի դասընկերներիս, համար նրա ադրբեջանցի լինելը ոչինչ  չէր ասում, մենք դեռ չգիտեինք, որ «օրենքով» պիտի նրան թշնամաբար կամ քամահրանքով վերաբերվեինք, որովհետեւ նա ադրբեջանցի է. մեզ համար նա ուղղակի Ալիկն էր:

Տարրական դասարանում էինք, երբ Ալիկը կամովին ու աննկատ կերպով ստանձնեց  իմ «թիկնապահի» պարտականությունը: Ասում եմ չէ՞` ես  անսովոր փոքրամարմին էի, դպրոցական պայուսակս իմ քաշին էր, ես էլ` շատ խոցելի  կողքի հայացքների ու ռեպլիկների համար: Ալիկը որոշել էր` ինքը ուժեղ, սպորտսմեն տղա է, մեր մամաներն էլ ընկերուհիներ են, մենք` համադասարանցիներ,  ու ինքն ինձ պիտի պաշտպաներ: Ամեն Աստծո օր դասերից հետո Ալիկը ձեռքիցս վերցնում էր գրքերով ու տետրերով, գունավոր գրիչ-մատիտներով լիքը ու ծանր պայուսակս ու ինձ տուն էր տանում` մինչեւ  չորրորդ հարկի մեր դռան շեմը, որ հանկարծ ինձ «բան ասող» չլինի: Շրջապատում բոլորը գիտեին, որ «սամբիստ» Ալիկը ոչ մեկին թույլ չի տա ինձ նեղացնել: Չէ, իհարկե, դա մանկական սեր չէր: Դա իսկական ու ջերմ ընկերություն էր, որը չեմ մոռանում: Մենք միասին նույն դպրոցում ու դասարանում սովորեցինք մինչեւ 8-րդ  դասարան:

Մահմուդով Ալիկն ազգությամբ ադրբեջանցի էր, բայց դասարանի 27 կամ 32, արդեն չեմ հիշում, աշակերտներից, այդ թվում`մեր գերազանցիկներից, ամենալավը գիտեր պատմությունն ու հատկապես հայոց պատմություն: Մեր պատմության ուսուցիչ ու դասղեկ ընկեր Բաղդասարյանը նրան նույնիսկ երբեմն-երբեմն մեզ օրինակ էր բերում ` դարձյալ հիշեցնելով, որ ադրբեջանցի լինելով մեր պատմությունը մեզնից լավ գիտի: Փայլուն աշակերտ չէր, լավ սովորում էր առանձին առարկաներ, բոլոր տղաների նման չարաճճի էր, ու ուսուցիչները նրա ծնողներին հենց չարաճճիության համար էին պարբերաբար դպրոց հրավիրում: Նման դեպքերում հիմնականում դպրոց էր գալիս Ալիկի հայրը` մի հրաշալի ու բարի մարդ, որի անունը հիմա արդեն չեմ հիշում:

Ընդհանրապես` նա  մեր բոլորիս ծնողներից, թերեւս, ամենաուշադիրն էր իր երեխաների` բոլոր երեք որդիների նկատմամբ: Պարբերաբար, առանց «ծնող կանչելու» էլ  գալիս էր դպրոց, ուսուցիչներին հարցուփորձ էր անում իր տղաների առաջադիմության մասին: Երեք տղաներից միայն Ալիկն էր, որ, պայմանականորեն ասած` «բռակ» էր: Նրա ավագ եղբայրը` Ասլանը, դպրոցի լավ սովորող աշակերտներից մեկն էր: Այսուհանդերձ, երբ Ալիկին դաս էին հարցնում ու նա հայտարարում էր, թե չի սովորել, ուսուցիչները միշտ, որպես` կանոն, առաջինը նրա դեմքին էին շպրտում ադրբեջանցի լինելու փաստը ու հետո միայն հիշեցնում, որ օրինակ վերցնի լավ սովորող եղբորից: Բայց Ալիկը մեր դասարանցիների ու ինձ համար ադրբեջանցի չէր, նա մեր ընկերն էր, որը մեր բնակարաններում կազմակերպվող  ծննդյան տոները «ծաղկացնում էր» իր քաղցր ձայնով մեզ համար ժողովրդական երգեր  երգելով ու վերջ:

Ութերորդն ավարտելուց հետո Ալիկն արդեն դպրոց չեկավ: Նա, որ արդեն լավ մարզիկի համբավ ու ինչ-ինչ մրցանակներ ուներ, գնաց ուսումնարանում սովորելու: Տարիներն աննկատ անցան: Լսեցի, որ Ալիկին բանակ են տարել` այն ժամանակ դեռ խորհրդային բանակ: Արդեն 1988-ն էր. ղարաբաղյան շարժումն սկսվել էր:  Հայտնի է, որ այդ տարիներին Հայաստանում ու նաեւ Երեւանում ապրող շատ ադրբեջանցիներ ստիպված եղան հեռանալ Հայաստանից: Ալիկի ընտանիքը կպած էր իր տունուտեղին, Հայաստանը լքել չէր պատրաստվում, ապրում էր ինչպես բոլորս` կիսելով մեր դժվարությունները. առանց լույսի, բնակարանի մի անկյունում նավթ վառելով, մեր սահմանին եւ Արցախում զոհված տղաների համար ցավ ապրելով ու ափսոսալով այնքան ժամանակ, մինչեւ մի օր լսեցինք, որ ոստիկանական ուժերն ու ինչ-որ երկրապահների խմբեր շրջապատել են մեր հարեւան` Ալիկենց  շենքը: Պարզվեց` ինչ-որ մեկն ահազանգել էր, թե իրենց շենքի ադրբեջանցիները (Ալիկենց մասին էր խոսքը) շենքի տակ ռումբ են դրել: Լսեցինք նաեւ, որ ոստիկանությունն ու ականազերծողները խուզարկել ու տակնուվար են արել Ալիկենց բնակարանը: Իհարկե, ոչինչ չէին գտել. ահազանգը կեղծ էր եղել, բայց կարծում եմ` ո’չ  թյուրիմացաբար:

Ալիկն այդ օրերին Երեւանում չէր, նա դեռ բանակում էր: Նրա  ընտանիքը, որ մինչ այդ հաշտ ու համերաշխորեն ապրում էր այդ շենքի հարեւանների հետ իրենց երրորդ հարկի բնակարանում,  տեղի ունեցածից հետո այլեւս հոգեբանորեն չէր կարող շարունակել ապրել այդ տանը, այդ շենքում, այս երկրում: Եթե հավելեմ, որ նրանց ակնարկել ու ստիպել էին թողնել Հայաստանը` պատկերն ավելի ամբողջական կլինի: Իմ ընկեր Ալիկի ընտանիքը հեռացավ Հայաստանից ու բռնեց ռուսաստանների ճանապարհը:

Ես այլեւս Ալիկին չտեսա: Նրա մասին միայն կցկտուր տեղեկություններ էի ստանում: Դրանցից մեկն ուղղակի ցնցեց ինձ ու ես մի կուշտ լաց եղա. պարզվեց` այն զորամասում, որտեղ Ալիկը  ծառայության էր անցել,  դարձել էր միաժամանակ ե’ւ հայերի, ե’ւ ադրբեջանցիների  թիրախը: Նրան բռնության էին ենթարկել ադրբեջանցիները` հայերին պաշտպանելու համար, հայերն էլ` նրա ադրբեջանցի լինելու համար: Ասում են` Ալիկը զինվորական ակադեմիան ավարտել ու զինվորական է դարձել: Բայց թե հիմա ո՞ւր է, ի՞նչ է անում եւ ինչպե՞ս դասավորվեց իմ ընկեր Ալիկի ու նրա ընտանիքի ճակատագիրը` չգիտեմ: Որոշել եմ փնտրել ու գտնել նրան, բայց ինչպե՞ս` գաղափար չունեմ:

Հ.Գ.  Տեխնիկական խնդիրներ կան, որոնց պատճառով միայն առայժմ չեմ կարող տեղադրել մեր` իմ ու իմ ընկեր Ալիկի  դպրոցական լուսանկարները, բայց անպայման դա կանեմ մոտ օրերին:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lyusi says:

    Ինչ հրաշք նյութ էր, տեսնես հետո հասցրել ա? տեղադրել էդ ֆոտոները կամ սկսել ա? փնտրել նրանց…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031